Իրավիճակն այսպիսին է ռուսաստանցիների հաշվին. ԿԲ նախագահը` գնաճի ռիսկերի մասին

 ՀՀ կենտրոնական բանկի զսպող քաղաքականությունը, ինչպես նաև համաշխարհային գների անկումը կհանգեցնի գնաճային ճնշումների մեղմացման։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ 
 

«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերներ երկրներում տնտեսական աճը դանդաղում է։ Միևնույն ժամանակ ապրանքների և ծառայությունների պահանջարկը մնում է բարձր։ Իրավիճակն այդպիսին է շարունակում մնալ նաև ռուսաստանցիների և այլ օտարերկրյա քաղաքացիների հաշվին, որոնք ժամանակավորապես բնակվում են Հայաստանում։ Որպես հետևանք՝ ծառայությունների ոլորտում բարձրացել են աշխատավարձերը, սակայն այս փաստը միայն խորացնում է գնաճի ռիսկերը, քանի որ աշխատավարձերն աճում են առանց արտադրողականության աճի»,– ասաց Գալստյանը։ 

 

Նրա խոսքով` վերոնշյալ գործոնների համադրությունը ԿԲ–ին ստիպում է զգուշություն ցուցաբերել, այսինքն՝ չնվազեցնել հիմնական տոկոսադրույքը։ 
Ըստ Գալստյանի` Հայաստանի տնտեսության մեջ ակտիվություն է նկատվում նաև շինարարության և հարակից ոլորտներում (շինանյութերի արտադրություն և այլն)։ 


Գնաճային ճնշումները պահպանվում են նաև գլոբալ մակարդակում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ Այս ամենը ակնկալիքներ է ստեղծում ԱՄՆ-ում դրամավարկային պայմանների խստության բարձրացման համար, իսկ հետո շղթայաբար` ամբողջ աշխարհում: 
Հիշեցնենք` Հայաստանի ԿԲ–ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ ՝ 10,75 տոկոս։

Քաղաքականություն