«Պետք է դեռ պարզել՝ հրդեհից առաջ ինչ է տեղի ունեցել կացարանում». հրդեհից զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ

Տուժող կողմը հետամուտ է լինելու մինչեւ վերջ գործի իրական հանգամանքների բացահայտմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողների  իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանավորմանը:

 

Հիշեցնենք, որ կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանին մեղսագրվում է վառարանը բենզինով վառելու արարքը:

 

«Շատ բնական ենք համարում, որ հիմա այդպիսի ընթացք պետք է տեղի ունենար, կալանավորման փաստն ընդունում ենք ի գիտություն, բնականաբար, տուժող կողմը հետամուտ է լինելու  մինչեւ վերջ գործի իրական հանգամանքների բացահայտմանը, հետեւում ենք իրադարձություններին, սպասում ենք մնացած փորձաքննությունների արդյունքներին: Միաժամանակ որոշակի հարցեր են առաջացել ստացված փորձաքննությունների արդյունքերից, կարծում եմ առաջիկայում նոր   իրադարձությունների զարգացումներ են սպասվում»,-ասաց նա:

 

Նա նշեց, որ գործով 5 մեղադրյալ կա, որոնցից 3-ն արդեն կալանավորված են, նրանք են՝ գնդի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը, կոմունալ ծառայության պետը, արդեն կապիտանը, վաշտի հրամանատարը եւ մեկ այլ զինծառայող՝ ինժիներական ծառայության ղեկավարին էլ մեղադրանք է առաջադրված:

 

«Պետք է դեռ պարզել՝ հրդեհից առաջ ինչ է տեղի ունեցել կացարանում, ինչու զինծառայողները չեն կարողացել դուրս գալ հրդեհված կացարանից, ինչի հետեւանքով էլ տեղի է ունեցել դեպքը: Կամ շմոլ գազը ե՞րբ է առաջացել, ինչի՞ հետեւանքով է առաջացել, ո՞ւմ կողմից ի՞նչ միջոցներ գործադրելու արդյունքում  է առաջացել, կամ արդյոք շմոլ գազից է առաջացել, այս ամեն ինչը պետք է պարզվի եւ բոլոր հարցերի պատասխանները պետք է ստանանք: Հրդեհի տարածման աղբյուրը ո՞րն է եղել, ո՞ր ուղղությամբ է տարածվել, ինչպե՞ս է տարածվել, ինչպե՞ս են ողջ մնացած զինծառայողները խոսափել հրդեհից, ինչպե՞ս է, որ այդ շմոլ գազն իրենց վրա չի ազդել, սրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխանները պետք է տրվեն»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ մնացած փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո վերջնական որոշմամբ հանդես կգան:

Քաղաքականություն