Ուկրաինայի արևելքում չինական անօդաչու թռչող սարք է խոցվել․ CNN
Ուկրաինայի զինված ուժերը երկրի արևելքում խոցել են չինական արտադրության Mugin-5 քաղաքացիական անօդաչու թռչող սարք։ Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով ուկրաինացի զինվորականներին և Ուկրաինայի անվտանգության ծառայության (SBU) աշխատակիցներին։
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքը գործարկվել է մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքից։ Երբ թռչող օբյեկտը նկատվել է, անվտանգության ծառայությունը ահազանգել է Դոնեցկի մարզի Սլովյանսկի մերձակայքում գտնվող զորամասեր։ Ժամը 2-ի սահմաններում Ուկրաինայի տարածքային պաշտպանության կործանիչները երկնքում նկատել են անօդաչու թռչող սարք և խոցել այն AK-47-ով։
Ուկրաինայի Զինված ուժերի Մաքսիմ անունով զինծառայողը նշել է, որ անօդաչու սարքը թռչում էր բավական ցածր բարձրության վրա, որ այն հնարավոր լինի խոցել թեթև զենքով։
Ըստ ուկրաինացի զինվորների՝ անօդաչուին մոտ 20 կիլոգրամ կշռող ռումբ է ամրացված եղել։
Mugin 5-ը քաղաքացիական անօդաչու թռչող սարք է, որը արտադրվում է չինական Mugin Limited ընկերության կողմից, որը տեղակայված է Սիանմեն նավահանգստային քաղաքում։ Տեխնոլոգիական բլոգերները նշում են, որ այս անօդաչու թռչող սարքը կոչվում է «Alibaba անօդաչու թռչող սարք», քանի որ այն կարելի է գնել 15,000 դոլարով չինական շուկաներում, ներառյալ Alibaba-ն և Taobao-ն (Mugin Limited-ի կայքը ներկայացնում է Mugin-5 Pro անօդաչու սարքը 9,499 դոլար):
Ընկերությունը հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ Ուկրաինայի արևելքում խոցվել է իրենց արտադրության անօդաչու թռչող սարք և տեղի ունեցածի համար ափսոսանք հայտնել։