Մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանին 5 տարով արտաքսել են Կատարից

Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանին աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ 5 տարով արտաքսել են Կատարից։ Այս մասին ասուլիսի ժամանակ  հայտնեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

 

«Երբ ժամանեցինք Դոհա, անձնագրային ստուգման ժամանակ Հայկ Նազարյանին շատ երկար պահեցին` գրեթե 24 ժամ, իսկ հետո իմացանք, որ 5 տարով արտաքսել են: Բայց մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար»,- ասաց Սերոբյանը:

 

Հավաքականի գլխավոր մարզիչը խնդրեց, որ օգնեն իրենց պարզել պատճառը` նշելով, որ Հայկ Նազարյանն առաջին անգամ չէր ուղևորվում Կատար։

Նրա խոսքով` դա հոգեբանական վատ ազդեցություն է ունեցել ամբողջ թիմի վրա, բայց չնայած դրան` տղաները բավական արդյունավետ են հանդես եկել։

 

«Արթուր Դավթյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ աշխարհի չեմպիոնն է։ Մենք մրցումի մեկնելիս էլ գիտեինք, որ Արթուրը մեդալ է նվաճելու, բայց մենք նաև անակնկալներ ունեցանք Դոհայում։ Գագիկ Խաչիկյանը արծաթե մեդալակիր դարձավ` չնայած մրցում էր աշխարհի գործող չեմպիոնի հետ, որը զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ գործող փոխչեմպիոնը 7–րդ տեղում էր։ Մեծ հաջողություն էր նաև Արթուր Ավետիսյանի 3-րդ տեղը»,– նշեց հավաքականի գլխավոր մարզիչը։

 

Ինչ վերաբերում է Հարություն Մերդինյանի ելույթին, ապա մարզիչը տեղեկացրեց, որ նա դաստակի վնասվածք է ստացել, այդ իսկ պատճառով ելույթը մի փոքր անհաջող է ստացվել։ Սերոբյանը հույս հայտնեց, որ մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկն այդ խնդիրը կլուծվի։

 

Նշենք, որ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն օրեր առաջ Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկի եզրափակիչում զբաղեցրեց առաջին հորիզոնականը և ոսկե մեդալ նվաճեց։ Նա երկու ցատկի հանրագումարով վաստակեց15,083 միավոր։

 

 

Քաղաքականություն