BMW-ի հետ բախումից հետո ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը.մանրամասներ

Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Այս առնչությամբ ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան-ի իր էջում գրել է. «Պահպանելով անմեղության կանխավարկածի կանոնը՝ տեղեկացնեմ, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով։

 

Նախնական տվյալներով երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։

Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ։

 

Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ։

 

Պարզվել էր, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․)․ ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ։ 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Քաղաքականություն