
Հայաստանում հուշաքարերն ու խաչերը կտեղադրվեն միայն հատուկ թույլտվությամբ

Հուշաքարերը, խաչքարերը, խաչերը կդասվեն միջին ռիսկայնության օբյեկտների շարքում։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը` ներկայացնելով կառավարության հաստատմանն առաջարկվող որոշման նախագիծը։
«Հատուկ նշանակության հողերի, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, ինչպես նաև տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների առանցքից 30 մետր սահմանվող գոտիներում շինարարություն կամ տեղադրում իրականացելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ կառուցվող օբյեկտի բարձրությունը գերազանցում է 2.4 մետրը, անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերի մշակման փուլում առաջակվող լուծումները նախապես համաձայնեցնել քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ»,– նշեց Ղուլարյանը:
Ըստ նրա` պետական մարմինն էլ իր հերթին դրանք կհամաձայնեցնի, ըստ անհրաժեշտության, ԱԱԾ-ի ոստիկանության, ճանապարհային ոլորտի ու շրջակա միջավայրի պահպանության լիազոր մարմինների հետ։
Արդեն տեղադրված հուշաքարերն ու խաչերը ևս կառավարության ուշադրության կենտրոնում են։ Քաղաքաշինության կոմիտեն ՏԿԵՆ–ի հետ համատեղ ուսումնասիրելու է դրանք և անհրաժեշտության դեպքում առանձին որոշումներ կայացնի։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նաև ասաց, որ արդեն մշակվել է ու առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի Վարչական օրինախախտումների մասին օրենքում հուշաքարերի, խաչքարերի, խաչերի տեղադրման կարգը խախտելու համար նախատեսված պատասխանատվության միջոցների մասին նախագիծը։
Հիշեցնենք, որ 2022թ–ի հուլիսի 7-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքաշինության համար պատասխանատու գերատեսչություններին հանձնարարեց զբաղվել Հայաստանում տարբեր վայրերում կամայականորեն տեղադրվող խաչերով ու խաչքարերով։