Հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցներ միշտ էլ լինում են. Կապանի համայնքապետ

 Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում անվտանգային խնդիրները շարունակում են մնալ առաջնային։ Թշնամին շարունակում է մոտ գտնվել հայկական բնակավայրերին, իսկ 2022 թվականի սեպտեմբերյան մարտական գործողություններից հետո՝  Ներքին Հանդը երեք կողմից հայտնվել է թշնամու շրջափակման մեջ։ 

Արդեն երկուսուկես տարի է՝ թշնամու զինված ուժերի ուղիղ նշանառության տակ են գտնվում նաև Ճակատենը, Սրաշենը, Շիկահողը, 
Ծավը... 

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ասում է՝ տևական ժամանակ է՝ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն արձանագրվել, իսկ հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցներ միշտ էլ լինում են։ 

«Կրակոցներ միշտ էլ լինում են, կարևորը, որ այդ կրակոցներն ինտենսիվ բնույթ չկրեն։ Իրավիճակը շարունակում է նույնը մնալ, որևէ փոփոխություն չունենք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետը։ 

Սահմանապահ բնակավայրերում մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ, այգեգործությամբ, որոշներն էլ՝ դաշտամշակման աշխատանքներով։ Մինչև սեպտեմբերյան մարտական գործողությունները բնակավայրերում գերակշռում էր անասանապահությունը, սեպտեմբերից հետո պատկերն էականորեն փոխվեց։ Չնայած համայնքապետարանը տարբեր ծրագրեր է իրականացնում՝ ի աջակցություն գյուղացիների ու գյուղացիական բնակավայրերի, սակայն համայնքում գյուղատնտեսության, հատկապես անասնագլխաքանակի լուրջ անկում է նկատվում։ 

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո էլ որոշ գյուղացիների անասուններ անցել են սահմանը, որոնք թշնամին չի վերադարձրել։ 

«Գյուղացիները լուրջ վնաս են կրել անասնագլխաքանակի հետ կապված, բազմաթիվ անասուններ անցել են սահմանը։ Ամբողջական թվերն ուսումնասիրվել են և ներկայացվել մարզպետարան, վերջերս կառավարության կողմից ֆինանսական աջակցություն ցուցաբերվեց այդ գյուղացիներին»,- նշեց Փարսյանը։ 

2021 թվականի նոյեմբերի 14-ին ադրբեջանական կողմը փակեց Կապանը սահմանապահ բնակավայրերին կապող ճանապարհը, ինչի հետևանքով բնակավայրերի կապը կտրվել էր մարզկենտրոնի հետ։ Բնակիչները շուրջ մեկ տարի ստիպված էին երթևեկել այլընտրանքային և բավականին դժվարանցանելի ճանապարհով... մինչև շահագործման հանձնվեց Կապան-Ճակատենը... 

Կապան հասնելն արդեն դժար չէ, բայց անվտանգ էլ չէ... ու որպեսզի ընթերցողի համար ավելի պարզ ու պատկերավոր լինի՝ Փարսյանը նորից հիշում է սեպտեմբերյան մարտերը։ 

«Դժվար է ասել՝ անվտանգ է, թե ոչ։ Կարող եմ մի բան որ սեպտեմբերի մարտական գործողությունների ժամանակ այդ ճանապարհը փակվեց, քանի որ թիրախավորվում էր թշնամու կողմից։ Միանշանակ կարելի է ասել՝ մարտական գործողությունների ժամանակ անվտանգ չի լինում»,- հավելեց համայնքապետը։ 

Առօրյա, անվտանգային ու կոմունիկացիոն բազմաթիվ խնդիրներ կան Կապանի սահմանապահ բնակավայրերում, սակայն, ինչպես Փարսյանն է ասում՝ վերջին երկուսուկես տարում բնակավայրերը լքող ընտանիքներ գրեթե չեն եղել... 

Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Կապան համայնքի 18 բնակավայր դարձել է սահմանամերձ, որից 16-ը՝ նաև սահմանապահ։

Քաղաքականություն