Զինծառայողների նոր համազգեստը տարբերվելու է որակապես և ազգային տարրերի ներդրմամբ. Պապիկյան
Մարտի 1-ին N զորամաս կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ճաշել է ժամկետային զինծառայողների հետ, լսել մատուցվող սննդատեսակների մասին անձնակազմի կարծիքը, առաջարկները: Նախարար Պապիկյանը զինվորների հետ զրուցել է զինծառայության կազմակերպման, մարտական հերթապահության կրման, թիկունքային ապահովման մասին: Սուրեն Պապիկյանը զինծառայողներին ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք վերաբերում են ԶՈւ անձնակազմի հանդերձանքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ նախագծման փուլում գտնվող համազգեստը տարբերվելու է որակապես և տարբերանշաններում ազգային տարրերի ներդրմամբ:
Այնուհետև պաշտպանության նախարարը զորամիավորման և զորամասի հրամանատարների ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում, զրուցել հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների, նրանց անմիջական հրամանատարների հետ: Սուրեն Պապիկյանը հատուկ ուշադրություն է դարձրել հենակետերի, խրամատների, դիտակետերի, դիրքային կառույցների կահավորմանը, ինժեներական աշխատանքներին, կացարանային պայմաններին:
Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ժամկետային զինծառայողներին՝ բարեխիղճ ծառայության, սահմանի զգոն պահպանության համար: Նախարարը հրամկազմին հանձնարարել է մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին խրախուսել լրացուցիչ արձակուրդով: