Իրանի միջուկային օբյեկտում հայտնաբերվել է գրեթե սպառազինության մակարդակի հարստացված ուրան. ՄԱԳԱՏԷ

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային օբյեկտում հայտնաբերել է գրեթե սպառազինության մակարդակի հարստացված ուրան։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Իրանը պնդում է, որ կարող են տեղի ունենալ հարստացման մակարդակի «չկանխամտածված շեղումներ», թեև երկու տարի շարունակ բացահայտ հարստացնում է ուրանը մինչև 60 տոկոս՝ խախտելով 2015 թվականին համաշխարհային տերությունների հետ կնքված միջուկային համաձայնագիրը։

 

Որպես այս պայմանագրի մաս, որի նպատակն էր կանխել Իրանի միջուկային զենք ստեղծելը, իրանցիները պարտավոր էին սահմանափակել իրենց միջուկային ծրագիրը և թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին այցելել միջուկային օբյեկտներ՝ երկրի տնտեսությունը կործանող միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց:

 

Միջուկային համաձայնագրի պայմաններով Իրանը պարտավորվել է չհարստացնել ուրանը 3,67%-ից բարձր և ամբողջությամբ դադարեցնել Ֆորդո գործարանի հարստացման գործընթացը։

 

Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները կրկին տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ, նրանք սկզբում վերսկսեցին հարստացումը մինչև 20%, իսկ հետո սկսեցին արտադրել փոքր խմբաքանակներ, որոնք հարստացված էին արդեն մինչև 60%, ինչը զգալիորեն ավելի բարձր էր, քան նախկինում:

 

ՄԱԳԱՏԷ-ի վերջին եռամսյակային զեկույցում, որը տեսել է BBC-ն, նշվում է, որ այս տարվա հունվարի վերջին Ֆորդո գործարանում վերցված նմուշներում հայտնաբերվել են մինչև 83,7% հարստացված ուրանի մասնիկներ: