44-օրյա պատերազմից հետո սելեկտիվ աբորտների թիվը զգալիորեն աճել է. Ավանեսյան

 Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո սելեկտիվ աբորտների թիվը զգալիորեն աճել է։ Այս մասին մարտի 1-ին կառավարության ժամին Ազգային ժողովի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Մինչ պատերազմը, ինչպես նշեց Ավանեսյանը, Հայաստանը բավականին լավ ցուցանիշներ ուներ։

 

«Տարեցտարի նման դեպքերի նվազում է եղել։ Ցավոք, պատերազմի արդյունքում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան հասարակության տրամադրություններում։ Հատկապես տղաների մասով: Այստեղ վիճակագրությունը, այսպես ասած, որոշ չափով փոխվել է»,- պարզաբանեց Ավանեսյանը։

 

Նախարարը համոզված է, որ հանրային ընկալումը փոխելուն ուղղված հասարակական եւ կրթական քարոզարշավները պետք է շարունակվեն։

«Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի նաեւ խստացնել արգելքները։ Բայց որոշ չափով։ Ի վերջո, միայն արգելքները ցանկալի արդյունք չեն տա»,- ասաց կառավարության ներկայացուցիչը։

 

Նա նաև նշել ` Հայաստանում ծնելիության ցուցանիշը 2022 թվականին 2021 թվականի համեմատ նվազել է, սակայն 2023 թվականի հունվարին որոշակի դրական դինամիկա է արձանագրվել։ 

«Վիճակագրությամբ տեսնում ենք, որ 2020 թվականի ընթացքում և 2021 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է ամուսնությունների նվազում, բայց պետք է ասեմ, որ 2023 թվականի հունվար ամիսը մեզ որոշակի հույս է տալիս, որ այդ տենդենցը հակառակ ուղղությամբ է այս տարի գնալու։ Մենք այս տարի հունվարի ամսին արձանագրել ենք  վերջին երեք տարիների ընթացքում հունվար ամիսների կտրվածքով ամենաբարձր ծնելիությունը։ Առաջին անգամ 3000 հազարը հատել ենք հունվար ամսին»,- ասել է Ավանեսյանը։ 

Խոսելով ընտանիքներում երրորդ և չորրորդ երեխաների ծննդի մասին, Ավանեսյանը ասել է, որ տասը տարվա կտրվածքով գրեթե կրկնապատկվել է երրորդ և չորրորդ երեխաների թիվը։ 
 

Քաղաքականություն