ԲՀԿ-ն միջնորդում է, որպեսզի ՍԴ-ն փորձաքննության ուղարկի ընտրական ծրարները․ «Հետք»
Սահմանադրական դատարանում (ՍԴ) շարունակվում է 7 քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումների հիման վրա գործի քննությունը, որը վերաբերում է ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփմանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Սահմանադրական դատարանում միջնորդեցին փորձաքննության ուղարկել ընտրական ծրարները, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ ծրարի մեջ դրված քվեաթերթիկները երևացել են, այսինքն՝ ծրարները եղել են թափանցիկ, ինչով խախտվել է քվեարկության գաղտնիությունը, գրում է «Հետք»-ը։
«ԲՀԿ ներկայացուցիչները միջնորդեցին ՍԴ-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել յուրաքանչյուր ընտրատարածքային հանձնաժողովին տրամադրված 10-ական ծրար և նշանակել փորձաքննություն դրանց թափանցելիության վերաբերյալ:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին տրամադրված ծրարները տարբեր են եղել»:
«Ըստ տեղեկությունների ծրարները պատրաստվել են երկու տարբեր տպարանների կողմից և դրանցից մեկն առնվազն թափանցիկ է: Ես չեմ կարող պնդել, որ մյուսը թափանցիկ է, թե ոչ, որովհետև չեմ տիրապետում տեղեկատվությանը»,- նշել է ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը:
Արամ Օրբելյանը նշել է, որ հնարավոր էր նաև տպարանից որոշակի ծրարներ վերցնել և ուղարկել փորձաքննության, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2 միլիոնից ավելի ծրար է տպվել, ընթացքում հնարավոր է հումքի փոփոխություն եղած լինի, և թափանցիկությունը փոխվի: Հետևաբար պահանջում են պատահականության սկզբունքով ծրարները վերցնել տարածքային հանձնաժողովներից:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում 2026թ. հունիսի 26-ին սկսվել է յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա գործի քննությունը։ Այն վերաբերում է 2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 259-Ա որոշմանը։ Նշված գործերը միավորվել են և քննվում են դատարանի նույն նիստում, քանի որ վերաբերում են նույն հարցին:
2026թ. հունիսի 14-ի նիստում ԿԸՀ-ն, ամփոփելով ընտրությունների վերջնական արդյունքները, որոշեց, որ խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) և «Հայաստան» (12 մանդատ) կուսակցությունների դաշինքները։
Ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկում են «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորﬕստական կուսակցությունները։
Ընտրություններին մասնակցում էր 18 քաղաքական ուժ։ Ի սկզբանե ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ, սակայն «Ալյանս» կուսակցությունը մայիսի 25-ին դուրս եկավ ընտրապայքարից։