Գլխացավեր, սրտխառնոց քիմիական նյութերից․ ԱՄՆ Կոնգրեսը մանրամասներ է պահանջել Օհայոյում թունավոր բեռով գնացքի վթարի մասին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը ԱՄՆ տրանսպորտի նախարար Փիթ Բութիջիգին ուղղված նամակում գրել է. «Հանձնաժողովը խորապես մտահոգված է խնդրին տրանսպորտի նախարարության արձագանքի դանդաղ տեմպերով»:
Նա պահանջել է փաստաթղթեր տրամադրել միջադեպի մասին՝ նշելով, որ «ենթակառուցվածքների ոչնչացումը (...) հանգեցրել է էկոլոգիական աղետի»։
Կոնգրեսականը կառավարությանը դրդում է զեկուցել վտանգավոր ապրանքներ տեղափոխող գնացքների վերաբերյալ վարչակազմի քաղաքականության մասին։
Ինչպես հաղորդվում է, փետրվարի սկզբին ԱՄՆ Օհայո նահանգում երկաթուղու վրա դժբախտ պատահար է եղել, 141 բեռնատար վագոններից 50-ը դուրս են եկել ռելսերից, որոնցից 20-ում վտանգավոր նյութեր են եղել։ Դրանցում եղել է վինիլքլորիդ, որն օգտագործվում է տարբեր պլաստիկ արտադրանքներում:
Իշխանությունները միջոցներ են ձեռնարկել բնակչությանը վտանգավոր տարածքներից տարհանելու համար, այդ թվում՝ բռնի կերպով տարհանել այն բնակիչներին, ովքեր հրաժարվել են կատարել հրամանը։
Ավելի ուշ բնակիչներին թույլ են տվել վերադառնալ իրենց տները, սակայն շուտով նրանցից ոմանց մոտ սկսվել են գլխացավեր, սրտխառնոց և այլ բացասական հետևանքներ օդի ուժեղ քիմիական հոտից։
Ըստ բժիշկների՝ վինիլքլորիդը բարձր կոնցենտրացիաներում ազդում է մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա։