Մահացած զինծառայողի դեպքով կալանավորվել են նրա 2 ծառայակիցները

Փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ.Պ.-ի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ են պարզվել։ 

 

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ պարզվել է, որ 2023թ. հունվար-փետրվար ամիսներին մարտական դիրքում 2 իրար հաջորդող հերթապահությունների ընթացքում պայմանագրային զինծառայող, դիրքի պատասխանատու Ն.Մ.-ն եւ դիրքի ավագի օգնական Հ.Ա.-ն առաջին անգամ մարտական հերթապահության ընդգրկված առանձին զինծառայողներին, այդ թվում նաեւ` Հ.Պ.-ին, ենթարկել են ծաղրուծանակի, որոշ դեպքերում ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել՝ ստորացնելով զինծառայողների պատիվն ու արժանապատվությունը, առանձին դեպքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրանցից 2-ի մարմնի տարբեր մասերին։

 

Նախաքննության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ այլ հանցագործությունների հատկանիշներով ՀՀ քրեական օրենսգրքի 519-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ եւ միացվել զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին։

 

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնոդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայող Ն.Մ.-ի եւ նույն մարտական դիրքի ավագի օգնական, շարքային զինծառայող Հ.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

 

Ն.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 524-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ), իսկ Հ․Ա․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 519-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 

Դատարան միջնորդություններ են ներկայացվել՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

 

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն փետրվարի 19-ին՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել էր գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով եւ մահացած վիճակում ընդունվել Իջեւանի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների՝ Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցի հետեւանքով։