Մահացել է Ազովստալի պաշտպան Օլեգ Մուդրակը․ վերջինս 6 ամիս գտնվել է ռուսական գերության մեջ
Մահացել է Ազովի գնդի 1-ին գումարտակի հրամանատարը և Ազովստալի պաշտպան Օլեգ Մուդրակը, նրա սիրտը կանգ է առել։ Մարտիկը վեց ամիս գտնվել է ռուսական գերության մեջ։ Այս մասին Instagram-ում հայտնել է նրա զարմիկ Դանիիլ Մուդրակը։
«Մուդրակ Օլեգ Վասիլևիչ - մայոր, հերոս, պողպատե մարդ, իմ հորեղբայրը, իմ եղբայրը, իմ աջակցությունը, իմ հպարտությունը, իմ փարոսը և բնավորության օրինակը: Վստահ եմ, որ նա իր ճանապարհը գնաց առանց վախի, աներևակայելի գեղեցիկ Վալկիրիաների ուղեկցությամբ, և որ նույն օրը նա մտավ այդ սրահ, որտեղ տեսավ իր ընկերներին, որոնք բոլորը պատվով սպասում էին իրեն․․․»,- գրել է նա։
Եղբորորդին չի բացահայտել Մուդրակի մահվան հանգամանքները։ Այնուամենայնիվ, Ազովստալի պաշտպանի կինը՝ Եկատերինա Պրոկոպենկոն, Instagram-ում ասել է, որ զինվորի սիրտը չի կարողացել դիմանալ իրեն պատուհասած բոլոր փորձություններից հետո։
«Դժոխքի միջով անցած զինվորականի սիրտը կանգ է առել։ Գերության և խոշտանգումների հետևանքը: Չեմ ուզում մտածել, թե ինչ է սպասվում մեզ, բայց մենք անպայման վրեժխնդիր կլինենք»,- ընդգծել է նա։
Լրագրող Ստանիսլավ Ասեևը Twitter-ի իր էջում հրապարակել է Մուդրակի երկու լուսանկարների կոլաժ՝ գերությունից առաջ և հետո։ Սոցիալական ցանցերում տարածվել են նիհարած զինվորականի լուսանկարները՝ որպես ռուսների կողմից բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վկայություն։