Ռուսաստանի ժուռնալիստների միությանը հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից․ Սոլովյով

Լրագրողների միջազգային ֆեդերացիային Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամակցությունը կասեցվել է։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԺՄ-ի նախագահ Վլադիմիր Սոլովյովը։ Նրա խոսքերը մեջբերում է ТАСС-ը։
 

«Լրագրողների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանգերն ինձ նամակ է ուղարկել՝ տեղեկացնելով, որ Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամակցությունը կասեցված է»,- ասել է Սոլովյովը։
 

Ֆեդերացիան հունվարի վերջին նախաձեռնեց Միության անդամակցությունը կասեցնելու և ֆեդերացիայից հեռացնելու գործընթացը։ Դրան նախորդել են կազմակերպության դեմ ուղղված մեղադրանքները Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Իսլանդիայի լրագրողական արհմիությունների կողմից։ Մասնավորապես, նրանք Լրագրողների միջազգային ֆեդերացիայի ղեկավարությանը մեղադրել են «կոռուպցիայի», «ոչ ժողովրդավարական գործելակերպի», «ոչ էթիկական ֆինանսական գործարքների» մեջ, ինչպես նաև կշտամբել են կազմակերպությանը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին ֆեդերացիայի անդամակցության պահպանումը թույլատրելու համար։
 

RTVI-ի հետ զրույցում Սոլովյովը նշել է, որ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջերեմի Դիրը «կտրականապես հերքել է հյուսիսային արհմիությունների բոլոր մեղադրանքները»։
 

Փետրվարի սկզբին Լրագրողների միջազգային ֆեդերացիան հայտնել էր, որ Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամակցության դադարեցման պատճառը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում մասնաճյուղերի բացումն է։ Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ կազմակերպության գործադիր կոմիտեն «միաձայն ընդունել է այս որոշումը դատապարտող միջնորդություն և ուժի մեջ է մտել ֆեդերացիայի կանոնադրության 16-րդ հոդվածը», որը նախատեսում է անդամակցության կասեցման ընթացակարգ։
 

Ռուսաստանի ժուռնալիստների միությունը դարձել է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ 1995 թվականին։

Քաղաքականություն