Ուկրաինա է հասել հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը
Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների ներմուծման արգելքի պայմաններում Հայաստանն իրականացնում է արտահանման շուկաների դիվերսիֆիկացում։
Հայաստանից արդեն իսկ Լատվիա է արտահանվել ծաղիկների առաջին խմբաքանակը, որը կազմում է 5500 ծաղիկ։ Բացի այդ, հունիսի 7-ին Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը հայտարարել էր, որ ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացում է իր դռները հայաստանյան ծաղիկ արտադրողների համար՝ նրանց կապելով Եվրոպայի և Եվրոպայից դուրս գտնվող գնորդների հետ։ Նիդեռլանդների ԱԳ նախարարի նշմամբ՝ իր երկիրն աջակցություն է հայտնում Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության փաթեթին, որի մասին հունիսի 4-ին հայտնել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նախարարը գրել էր. «Մենք ուսումնասիրել ենք, թե գործնականում ինչպես կարող ենք աջակցել տուժած ոլորտներին, ինչպիսին է հայկական ծաղիկների արտադրությունը։ Արդյունքում, Royal Flora Holland-ն (խմբ. Royal Flora Holland-ը միջազգային ամենամեծ ծաղկաբուծության շուկան է) այժմ բացում է իր շուկան հայկական ծաղիկ արտադրողների համար՝ նրանց կապելով Եվրոպայի և դրանից դուրս գտնվող գնորդների հետ»։
Միևնույն ժամանակ, հայկական ծաղիկների մեկ խմբաքանակ արդեն տեղափոխվել է Ուկրաինա։ Մեկ բեռնատարով Ուկրաինա է արտահանվել 9500 ծաղիկ, իսկ մոտավորապես նույնքան ծաղկով բեռնված երկրորդ բեռնատարը տեղ կհասնի առաջիկայում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Կիևում բնակվող քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ հայկական ծաղիկների ներմուծողը Ուկրաինայում բնակվող հայ գործարար է։ Մարատ Հակոբյանի տեղեկություններով՝ Ուկրաինա հասած առաջին խմբաքանակը գրեթե ամբողջությամբ իրացվել է, իսկ երկրորդ բեռնատարն այնտեղ կլինի առաջիկա օրերին։ Նա նաև նշեց, որ սոցցանցերում արդեն իսկ տեսանյութեր են տարածվում, որոնցում ծաղկի խանութների սեփականատերերը ցուցադրում են իրենց ստացած հայկական ծաղիկները և հայտնում դրանց վաճառքը սկսելու մասին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») որոշում էր կայացրել մայիսի 22-ից ժամանակավորապես դադարեցնել Հայաստանի Հանրապետությունից ծաղիկների ներկրումը։ Նշվել է, որ սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, մինչև կավարտվեն հայաստանյան ջերմոցային տնտեսությունների ստուգումներն ու ստացված տվյալների ամփոփիչ վերլուծությունը։ Ռուսական կողմն այս քայլը հիմնավորել էր սեփական բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ «Ռոսսելխոզնադզոր»-ը պնդել էր, թե հայկական ծաղկային խմբաքանակներում իբր հայտնաբերվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքի համար կարանտինային համարվող վնասատուներ ու օբյեկտներ։