«Իմ տեղեկություններով Հայաստանը Ղարաբաղի մասով առաջարկություն է ներկայացրել». ՔՊ պատգամավոր

 Դա կարելի է թեթեւ մանիպուլյացիա համարել Ռուսաստանի կողմից, որովհետեւ ժանդարմը կամ ոստիկանը զինվորական չէ: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներառված են ժանդարմներ եւ ՌԴ-ն հայտարարել է, որ իրականում այդ առաքելությունը քաղաքացիական բնույթ չունի:

 

«Զինված լինելը նկատի ունենք, որ նրանք, ընդամենը, ըստ երեւույթին, անվտանգություն երաշխավորելու համար են, տարբեր միջադեպեր կարող են լինել: Ռուսաստանն էլ լավ գիտի, որ դա այն դեպքը չէ, որ ասեն՝ զինված են: Իրենք քաղաքացիական առաքելություն են իրականացնում»,-ասաց նա:

Անդրադռնալով դիտարկմանը, որ Արեւմուտքը Հայաստանին որպես միայն բուֆեր է ուզում օգտագործել, Խաչատրյանն ասաց. «Հայաստանն ունի իր պետական շահը եւ պետությանղ եկավարը սպասարկում է այդ շահը»:

 

Հարցին, թե ինքը գո՞հ է մնացել Մյունխենի համաժողովում Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահին տված պատասխաններից, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Դա հնարամիտների եւ ուրախների ակումբ չի, որ գոհ կամ դժգոհ լինենք տված պատասխանից կամ հումորից, կամ կսմթանքներից: Կարեւորը, որ այդ քննարկումը տեղի ունեցավ, շատ էական էր, որ Ալիեւը ստիպված եղավ ընդունել, որ պետք է բանակցի ԼՂ-ի հետ: Այլ խնդիր է, որ նա փորձում է դա ներկայացնել որպես իր կողմից բարի կամք: Փաստն այն է, որ շեշտվեց, որ նման բանակցություններ անհրաժեշտ են: Ավելին, նա պայման դրեց, թե ում հետ պետք է բանակցի եւ ով չպետք է ներկայացնի Ղարաբաղը: Երկրորդը, առիթ ստեղծվեց, որ Փաշինյանն ընդգծի, որ  գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ, գոյություն ունի ԼՂ հիմնահարց, եւ որի լուծման ճանապարհին, Ադրբեջան-ԼՂ բանակցություններում պետք է անպայման միջազգային երաշխիքների մեխանիզմ աշխատի:

Հասկանալի է, որ սրան պետք է լինի դիմադրություն, որ կան շահագրգիռ կողմեր, որոնց նպատակները չի համընկնում մեր պետական շահերի հետ»:

 

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց, երբ ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանի հասցեին Ալիեւը նման կերպ արտահայտվեց, հարցին էլ արձագանքեց. «Արհամարհանքն էլ է արձագանքի ձեւ, երբեմն լռելով ավելի շատ բան ես ասում, քան ավել-պակաս խոսելով: Սա էն տեղը չի, լեզվակռվի տեղ չի էդտեղ: Յուրաքնաչյուրն իր տեսակետը արտահայտեց, ըստ այդմ, համապատասխան վերաբերմունքի է արժանանում միջազգային հանրության կողմից: Այդ առումով ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն ավելի շահեկան վիճակում հայտնվեց: Ըստ էության, Ալիեւը խոստովանեց, որ ինքը պատերազմ է վարել իր քաղաքացիների դեմ: Նաեւ ակնհայտ դարձավ, որ նա շարունակում է իր ռազմատենչ մոտեցումները: Ակնհայտ էր, որ շահեկան վիճակում չէր Ալիեւը, իր կեղծ ժպիտները հակառակի մասին են խոսում, որ նա ընկճված էր: Ակնհայտ է, որ գնալով Հայաստանի դիրքերն ավելի ամրապնդվում են: Դա ընթացք է, որ դեռ երկար կտեւի, դեռ լուրջ աշխատանք ունենք անելու դիվանագիտական ճակատում: Նաեւ մեզ պետք է  խուսափել ռազմական բախումներից, այդ ընթացքում հզորացնել մեր տնտեսությունն ու բանակը»:

 

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, Վիգեն Խաչատրյանն ասաց. «Խաղաղության պայմանագիրն ինքնին երաշխիք չէ ռազմական բախումներից խուսափելու համար, եւ այդ առումով Եմ դիտորդների առկայությունը Հայաստանում շատ կարեւոր է: Խաղաղության պայմանագիրը կարող է պարունակել թաքնված տեքստ, որի վրա հենվելով Ադրբեջանը կարող է իրեն սանձարձակություններ թույլ տա: Սրանք նուրբ հարցեր են, որոնք դիվանագիտական դաշտում մշակվում են, մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որ հետագայում մենք տեքստից բխող խնդիրներ չունենանք: Իմ ունեցած տեղեկություններով տեքստում Հայաստանը Ղարաբաղի մասով առաջարկություն է ներկայացրել: Ադրբեջանը ուշ, թե շուտ պետք է ընդունի»:

Քաղաքականություն

Պատահարներ