ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադամանդանման քարերը թաքցրել է փղե արձանիկում առկա պոլիէթիլենային տոպրակի մեջ
ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում 2023թ-ի փետրվար ամսվա ընթացքում կանխվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը:
Օրերս Դուբայ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին՝ կազմակերպության կողմից տրված լիազորագրով, ժամանակավոր պահպանության է հանձնել շուրջ 3367.2 կարատ մշակված ադամանդ՝ համաձայն ուղեկցող փաստաթղթերի։
Մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք քաղաքացու մոտ առկա են հայտարարագրման ենթակա այլ ապրանքներ, վերջինս կողմից նշվել է, որ հայտարարագրման ենթակա այլ ապրանքներ չկան։
Մաքսային մարմնի կողմից կիրառվել է «Մաքսային տեսազննում» մաքսային հսկողության ձևը։ Տեսազննման սարքի պատկերի վերլուծության արդյունքում, մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի մաքսային ծառայողների կողմից մաքսային զննման են ենթարկվել վերոնշյալ քաղաքացու ուղեբեռները։
Ուղեբեռների մաքսային տեսազննման արդյունքում վերջինիս ճամպրուկում հայտնաբերվել են ընդհանուր 3 գր կշռով թափանցիկ ադամանդանման քարեր, որոնք թաքցված են եղել փղե արձանիկում առկա 2 պոլիէթիլենային տոպրակի մեջ:
Ճամպրուկի մեջ առկա ջինսե տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակների մեջ թաքցված 1 թափանցիկ ադամանդանման քար՝ ընդհանուր մինչև 1 գր կշռով և խաղալիք ավտոմեքենայի տուփի տակի հատվածում թաքցված թանկարժեք քարերի ստանդարտների համապատասխանության սերտեֆիկատ։
Ձեռքի պայուսակի մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացու դրամապանակի գրպանիկում առկա են 2 պոլէթիլենային տոպրակի մեջ թաքցված թափանցիկ ադամանդանման քարեր՝ ընդհանուր մինչև 4 գր կշռով։
Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով. այն է` Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով, գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով։ Նշված խախտումը հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում առաջացնում է տուգանք` այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամը:
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար` գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն: