ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մտնում ես թունել, ոնց որ քավարանի վերջին էտապը լինի». վարչապետը` ճանապրհների և ենթակառուցվածքների մասին

 Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանապարհաշինարարության հետ կապված որոշ դիտարկումներ արեց։

Ասաց, թե վերջերս անցել է Հյուսիս-հարավ մայրուղու Թալին-Լանջիկ հատվածով ու արձանագրել է՝ առաջին անգամ նոր ստանդարտի ճանապարհ է ստացվել։

«Ես ասել եմ՝ եթե մի տարուց փոսեր չեն հայտնվելու այդ ճանապարհի վրա, կարող ենք արձանագրել, որ բացարձակապես նոր որակի ճանապարհ ենք ստացել», - նշեց վարչապետը։

 

Փաշինյանն ասաց, որ կան առանձնահատուկ որակով աչքի ընկնող շինարարական կազմակերպություններ, որոնց աշխատանքը մթնոլորտ է ձևավորում. «Լինում է, որ ընթացքում նախարարին գրում կամ զանգում եմ, ասում՝ էս ճանապարհն ո՞վ է սարքել... Խոսակցությունների ընթացքում շինարարական ընկերությունների անունները լսելիս, ես էդ մարդկանց չեմ ճանաչում, բայց հեռակա սիրում եմ, որովհետև իսկապես մթնոլորտ են փոխում. տեսնում ես, որ ճանապարհը կառուցված է ամենաբարձր մակարդակով. դա առաջին հերթին հարգանք է ՀՀ քաղաքացու նկատմամբ»,- ասաց Փաշինյանը:

 

Նա ասաց, թե Հայաստանում երբեք այդպիսի որակի ու ստանդարտի ճանապարհ չի եղել։

 

Խոսելով թունելներում տիրող իրավիճակի մասին՝ վարչապետն ասաց, թե Ծովագյուղի թունելն այս ընթացքում մի քիչ լուսավորել են, բայց ընդհանուր տեսքը միջնադար է հիշեցնում։

 

«Պայմանավորվել ենք, որ Ստեփանավանի, Ծովագյուղի ու Սպիտակի թունելը պետք է բերենք ամենաժամանակակից տեսքի, ասենք՝ այլ երկրներում, որ թունել ես մտնում, Թումանյանի ասած՝ «լիս աշխարհ ես ընկնում», իսկ մեզ մոտ, որ թունել ես մտնում, ոնց որ քավարանի վերջին էտապը լինի», - նշեց Փաշինյանը։

Քաղաքականություն