ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուսավոր օբյեկտների շարասյուն` Հայաստանում. օգտատերեր
Այս օրերին Հայաստանի և Արցախի երկնքում նկատվել է լուսային օբյեկտների շարք: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել են հայաստանցի օգտատերերը: Հրապարակել են նաև տեսակադրեր:
Ըստ որոշ օգտատերերի` երևում է Starlink արբանյակների շարասյունը: Ի դեպ, նշենք, որ այն Հայաստանից նկատվել էր նաև ամիսներ առաջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը` հրթիռը միանգամից 50-60 արբանյակ է բաց թողնում, դրա համար մենք շարասյուն ենք տեսնում, հետո ընթացքի մեջ առանձնանում են:
«Արբանյակները շատ ցածր են, մոտավորապես 300-600 կմ բարձրության վրա, դրա համար լավ տեսանելի են ու արագ են շարժվում: Նպատակը՝ Երկիր մոլորակի ցանկացած անկյունում գերարագ ինտերնետ ապահովելն է»,- դեռ նախորդ տարի ԶԼՄ-ներից մեկին ասել էր մեդիափորձագետը` շարունակելով,- «Մեր երկնքում ավելի հաճախ կարող ենք տեսնել այսպիսի շարասյուն, շուտով գերարագ ինտերնետ մատակարարող համակարգը հասանելի է լինելու նաև մեր տարածաշրջանում: Վրաստանն այս տարվա վերջ, Հայաստանն ու Ադրբեջանը՝ մյուս տարվա սկիզբ սկսելու է աշխատել Սթարլինքի ինտերնետը, դրա համար էլ հիմա նաև արբանյակները մեր գլխին են կախում»:
Այնուամենայնիվ, լուսային շարքը այս անգամ նույնպես հետաքրքրություն էր առաջացրել հայաստանյան օգտատերերի շրջանում: Այդ պատճառով մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի խոսնակից, սակայն վերջինս, հղում անելով ոչ աշխատանքային ժամին, խոստացավ կապ հաստատել վաղը:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստանի երկնքում տարօրինակ լուսավոր օբյեկտներ են հայտնվել։ Տեղեկությունը հայտնել էր «Ifeng News»-ը։ Լրատվամիջոցը հրապարակել էր Հեյլունցզյան նահանգում ականատեսների նկարած կադրերը: