NYT-ն դատի է տվել Եվրահանձնաժողովին` Pfizer-ի հետ խոշորագույն պայմանագրի շուրջ նամակագրությունը բացահայտելու համար
Ամերիկյան The New York Times թերթը հայց է ներկայացրել Եվրոպական հանձնաժողովի դեմ այն բանից հետո, երբ ԵՄ գործադիր մարմինը հրաժարվել է հրապարակել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դե Լեյենի և Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի նամակագրությունը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով Եվրոպական դատարանի գրանցամատյանին և խնդրին ծանոթ աղբյուրներին։
The New York Times-ը հայց է ներկայացրել հունվարի վերջին: Հրատարակությունը կարծում է, որ Եվրահանձնաժողովը իրավաբանորեն պարտավոր է հրապարակել հաղորդագրություններ, որոնք կարող են տեղեկատվություն պարունակել ԵՄ գործարքների մասին՝ միլիարդավոր եվրոյի դիմաց կորոնավիրուսային պատվաստանյութեր գնելու համար։
NYT-ից հրաժարվել են մեկնաբանել հայցի մանրամասները՝ նշելով, որ թերթը ներկայացնում է «տեղեկատվության ազատության բազմաթիվ հարցումներ»։
2021 թվականի ապրիլին The New York Times-ը հայտնել էր, որ ֆոն դեր Լեյենը մոտ մեկ ամիս նամակագրություն է վարել Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի հետ՝ COVID-19 պատվաստանյութի 1,8 միլիարդ չափաբաժինների առաքման վերաբերյալ։ Այս «անձնական դիվանագիտությունը» մեծ դեր է խաղացել համաձայնագրում»,–գրել է թերթը։
Պայմանագիրը հաստատվել է մայիսին և դարձել պատվաստանյութերի մատակարարման աշխարհի ամենամեծ գործարքը, նշել է Reuters-ը։
The New York Times-ի հրապարակումից հետո netzpolitik.org-ի լրագրող Ալեքսանդր Ֆանտան Եվրահանձնաժողովին խնդրել է հրապարակել ֆոն դեր Լեյենի և Բուրլայի նամակագրությունը։ Fanta-ն նշել է, որ ԵՄ քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել ԵՄ փաստաթղթեր՝ «անկախ այդ փաստաթղթերի համար օգտագործվող միջոցի ձևից»։ Եվրահանձնաժողովը մերժել է լրագրողին՝ պատճառաբանելով, որ այդ փաստաթղթերը «չեն գտնվել»։
netzpolitik.org-ի խմբագիրները բողոքել են Եվրոպական օմբուդսմեն Էմիլի Օ'Ռեյլիին, ով Եվրահանձնաժողովի մերժումը ճանաչել է որպես «վատ կառավարում»։ Եվրահանձնաժողովը Օմբուդսմենին բացատրել է, որ տեքստային հաղորդագրությունները փաստաթղթերի գրանցամատյանում չեն գրանցվում դրանց բովանդակության «փխրունության» պատճառով։
Աուդիտորների եվրոպական դատարանը 2022 թվականի սեպտեմբերին հրապարակեց զեկույց, որտեղ ասվում էր, որ Pfizer-ի հետ գործարքի շուրջ համաձայնության գալու ժամանակ անհրաժեշտ ընթացակարգերը չեն պահպանվել։ Մասնավորապես, Եվրահանձնաժողովի և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ նախնական բանակցություններ չեն եղել։ Փոխարենը, ֆոն դեր Լեյենը բանակցություններ է վարել և արդյունքները ներկայացրել անձամբ պատվաստանյութի ղեկավար կոմիտեին:
Եվրահանձնաժողովը հրաժարվել է տրամադրել Pfizer-ի հետ որևէ քննարկման գրառումներ, ներառյալ արձանագրությունները, փորձագետների անունները, որոնց հետ խորհրդակցել են և գործարքի համաձայնեցված պայմանները, նշվում է Հաշվիչ պալատի զեկույցում:
Եվրոպական հանձնաժողովի դեմ հայցեր է ներկայացրել նաեւ գերմանական Bild հրատարակությունը։ Խմբագիրները պահանջել են հրապարակել Pfizer/BioNTech և AstraZeneca ընկերություններից պատվաստանյութերի գնման վերաբերյալ բանակցությունների հետ կապված փաստաթղթերը։
Արդյունքում Bild-ը ստացել է որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ էլեկտրոնային նամակագրություն, սակայն դատարանը մերժել է որոշ պահանջներ։