ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հալեպի նահանգապետը հայ փրկարարներին շնորհակալագիր է հանձնել

2023թ. փետրվարի 13֊ին Հալեպում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության միջազգային փրկարարական թիմի ղեկավար գնդապետ Արմեն Գևորգյանը և որոնողափրկարարական խմբի հրամանատար գնդապետ Սերգեյ Բիձյանը հանդիպեցին Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբի հետ։

Բ.Բադալյանը խորին ցավակցություն հայտնեց Հալեպում գրանցված երկրաշարժի անմեղ զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթեց բոլոր վիրավորներին, այս մասին տեղեկանում ենք Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության տարածած հաղորդագրությունից։

 

 

 

 

Բ.Բադալյանը նշեց, որ Սիրիան Հայաստանում ընկալվում է որպես բարեկամ երկիր և նման իրավիճակներում Հայաստանը պատրաստակամ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։

Այնուհետև փրկարարական խմբի գնդապետ Արմեն Գևորգյանը ներկայացրեց անցնող օրերին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն և շնորհակալություն հայտնեց Հալեպի նահանգապետարանի կողմից ցուցաբերված աջակցության համար։

Հ.Դիյաբը դրվատանքի խոսքեր ուղղեց հայ փրկարարներին` հանձնելով Հալեպի նահանգապետարանի շնորհակալագիրը։

Հալեպի նահանգապետ Հ.Դիյաբը և ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բ.Բադալյանը կարծիքներ փոխանակեցին հայ֊սիրիական բազմաբնույթ հարաբերությունների վերաբերյալ։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ից Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին։

Քաղաքականություն

Պատահարներ