ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյունից վնասվել են գազալցակայանի տանիքն ու գազատար խողովակները․ կան տուժածներ

Հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գազալցակայանի կոմպրեսորային հատվածում (մոտ 150 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. վնասվել են տանիքի կառուցատարրերը և գազատար խողովակները։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 10։33-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 2 քմ) և արտահոսած գազը։

Կա երեք տուժած, ովքեր տեղափոխվել են Վանաձորի ԲԿ։