Ռազմական

«3 օր ժամանակ եմ տալիս, եթե չպատասխանեք, ամենավերջին ձևերով ձեզ խայտառակ կանեմ». Պալյանի ծնողները սարսափելի մանրամասներ են հայտնել

Unknown 1,051 դիտում
«3 օր ժամանակ եմ տալիս, եթե չպատասխանեք, ամենավերջին ձևերով ձեզ խայտառակ կանեմ». Պալյանի ծնողները սարսափելի մանրամասներ են հայտնել

 6 ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհի զոհ դարձած 19-ամյա Պալյան Պողոսյանի ծնողները համոզված են` եթե իրենց որդու մահվան մեղավորները պատժվեին, 15 զոհերը չէին լինի։ News.am-ը զրուցել է նրանց հետ։

 

N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ էր ընդունվել հուլիսի 17-ին։ Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել էր այրվածքաբանության ազգային կենտրոն։ Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, Պալյան Պողոսյանը մահացել էր:

 

Գեղարքունիքի մարզում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհը թարմացրել է Պողոսյանների վիշտը։ Պալյանը այրվածքներ էր ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։

Մայրը` Գալյա Այվազյանը, սարսափելի մանրամասներ է պատմել դեպքից: Ասել է՝ որդին ու ևս 3 զինծառայող փակված են մնացել վագոն-տնակում, մինչև հերթապահը հասել ու բացել է դուռը։ Դրանից հետո էլ իրենց որդին խոր այրվածքներով 5 ժամ դիրքում է մնացել՝ առանց բուժօգնության։ Ծառայակիցները, որոնք ավելի թեթև վնասվածքներ են ստացել, Պալյանի մարմնի կրակը ջրով և հողով են հանգցրել։

 

«Կապի դուրս չեն կարողացել գալ, սպասել են, որ լույսը բացվի։ Այդպես մերկ, վառած մարմնով, ցրտին մինչև լույս` 6:30-ից 7-ը, սպասել են, որ օգնության գան: Տղայիս «Վիլիսով» հասցրել են Սիսիանի հոսպիտալ, այնտեղ ցավազրկել ու տեղափոխել են Երևան: Տղաս իր ոտքով է հիվանդանոց գնացել` առնական էր, շատ ուժեղ էր ֆիզիկապես»,-պատմել է մայրը:

 

Դեպքից միայն մոտ տասը ժամ անց են Պալյանին այրվածքաբանության կենտրոն հասցրել. նրա մարմնի 60 տոկոսն այրված է եղել, շնչուղիները՝ 20 տոկոս. 10 օր կյանքի համար պայքարելուց հետո երիտասարդը մահացել է։ Ծնողները վստահ են՝ իրենց որդին կփրկվեր, եթե նրան ժամանակին հիվանդանոց հասցնեին, դիրքերից արագ իջեցնեին և ուղղաթիռով Երևան տեղափոխեին։

Պալյանի՝ այրվածքներ ստանալու մասին նրա ծնողներին ո՛չ պաշտպանության նախարարությունն է տեղյակ պահել, ո՛չ տարածքային զինկոմիսարիատը, դեպքից 2 օր անց միայն զինակից ընկերներն են զանգահարել:

 

Պալյան Պողոսյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել նույն` անզգուշության հոդվածով, ինչ 15 տղաների կյանք խլած հրդեհի դեպքում։ Վեց ամիս անց գործով որևէ մեղադրյալ չկա, նույնիսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքները մինչև հիմա հայտնի չեն: Ծնողները որդու մահվան մեջ մեղադրում են դիրքի հերթապահ Կարեն Քյարամյանին, որը հերթապահի պարտականությունները պատշաճ չի կատարել, և իշխանություններին են մեղադրում։

 

Պալյանի հոր համբերությունը սպառվել է։ Նա հանդիպում է պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Հարցիս պատասխան տվեք, 3 օր ժամանակ եմ տալիս, եթե չպատասխանեցիք, ճանապարհը կփակեմ, ամենավերջին ձևերով ձեզ խայտառակ եմ անելու»,– ասել է նա:

 

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը  հայտնեց` նշված դեպքի առթիվ 2022թ․ հուլիսի 17-ին քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի կամ ռազմական այլ գույքի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պալյանը և ևս 3 անձ տուժող են ճանաչվել։

 

«Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել դատահրդեհատեխնիկական, դատաբժշկական և դատանյութագիտական փորձաքննություններ նշանակելու մասին, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել: Հարցաքննվել են մարտական դիրքում մարտական հերթապահությունն իրականացնող անձնակազմը, համածառայակիցները, սպայական անձնակազմը, Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բժիշկները»,– նշեց Աբրահամյանը։

 

Նրա խոսքով` մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Ենթադրյալ հանցանք կատարած անձանց առկայությունը հնարավոր կլինի պարզել փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց և դրանցից բխող քննչական գործողությունները կատարելուց հետո:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250