ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ զինվորների տեղակայման վայրում տեղի ունեցած հրդեհից

Համացանցում է հայտնվել Ազատ գյուղում զինվորների տեղակայման վայրում տեղի ունեցած հրդեհի տեսագրությունը։ 

Հիշեցնենք՝ սարսափելի հրդեհի հետևանքով ունենք 15 զոհ, 3 վիրավոր։ 

 

Ավելի վաղ ՀՀ գլխավոր զինդատախազը հայտնել էր․ «Կապիտան սպան, գտնվելով տվյալ շինությունում և հանդիսանալով օրվա պատասխանատու հերթապահ, գիշերը՝ 01։30-ի սահմաններում, միջնանցքում տեղակայված վառարանի կրակը թեժացնելու նպատակով դուրս է եկել և 5 լիտրանոց պլաստմասե տարայում գտնվող ավտոբենզինը լցրել է վառարանի մեջ:

Լցնելու ընթացքում հրդեհ է բռնկվել, որից ինքն այրվել է, համազգեստը կպել է, մեխանիկորեն ձեռքից նետել է տարան, որի արդյունքում հրդեհը տարածվել և մեծ արագությամբ բռնկվել է, փորձել է բարձրաձայնել, գոռացել է, միջոց է ձեռնարկել զինվորներին հանելու, բայց կրակը շատ արագ տարածվել է, մուտքը արգելափակվել է, և զինվորները դռնից դուրս գալու հնարավորություն չեն ունեցել»,- ասել է նա։

 

Զինդատախազի խոսքով այդ սպան ողջ է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ «Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գիտակցություն առկա է, բայց դեռևս կոնտակտի մտնելու հնարավորությունը քիչ է, դեմքի շրջանում և մարմնի այլ մասերում ունի բազմաթիվ վնասվածքներ, շփումը սահմանափակ է»։