Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում քանի՞ քաղաքացի է վերամիավորվել ընտանիքի հետ. Ամատունին պատասխանում է
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանում մնացած 5 քաղաքացի վերամիավորվել է իր ընտանիքի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Լեռնային Ղարաբաղից 4 քաղաքացի վերամիավորվել է իր ընտանիքի հետ։ Մեկ քաղաքացի էլ Հայաստանից ԼՂ է տեղափոխվել և նույնպես վերամիավորվել է իր ընտանիքի հետ։ Այդ գործողությունները հնարավոր է եղել իրականացնել ԿԽՄԿ միջնորդությամբ»,– ասաց Ամատունին։
Նա ընդգծեց, որ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից իրենք չեն կարող տեղեկություն տալ այդ անձանց մասին։
Ամատունին ընդգծեց, որ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի կողմից Հայաստանից–Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ քաղաքացիների տեղափոխում առաջին անգամ է իրականացվել։