Լցնելու ընթացքում հրդեհ է բռնկվել, որից ինքն այրվել է, համազգեստը կպել է, մեխանիկորեն ձեռքից նետել է տարան. զինդատախազը` ողբերգական դեպքի մասին

Այսօր Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը  հաստատել է այն նախնական տեղեկությունը, որ ինժեներասակրավորային վաշտի՝ կոչումով կապիտան սպան, գտնվելով տվյալ շինությունում և հանդիսանալով օրվա պատասխանատու հերթապահ, գիշերը՝ 01։30-ի սահմաններում, միջնանցքում տեղակայված վառարանի կրակը թեժացնելու նպատակով դուրս է եկել և 5 լիտրանոց պլաստմասե տարայում գտնվող ավտոբենզինը լցրել է վառարանի մեջ:

 

«Լցնելու ընթացքում հրդեհ է բռնկվել, որից ինքն այրվել է, համազգեստը կպել է, մեխանիկորեն ձեռքից նետել է տարան, որի արդյունքում հրդեհը տարածվել և մեծ արագությամբ բռնկվել է, փորձել է բարձրաձայնել, գոռացել է, միջոց է ձեռնարկել զինվորներին հանելու, բայց կրակը շատ արագ տարածվել է, մուտքը արգելափակվել է, և զինվորները դռնից դուրս գալու հնարավորություն չեն ունեցել»,- ասել է նա։

 

Զինդատախազի խոսքով այդ սպան ողջ է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ «Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գիտակցություն առկա է, բայց դեռևս կոնտակտի մտնելու հնարավորությունը քիչ է, դեմքի շրջանում և մարմնի այլ մասերում ունի բազմաթիվ վնասվածքներ, շփումը սահմանափակ է»։

 

Էլիզբարյանը նաև նշել է, որ մուտքի արգելափակումից հետո միջամտել են դրսում ծառայություն իրականացնող ժամկետային մի քանի զինծառայողներ, երկու ժամկետայինի ճաղավանդակով պատուհաններից մի կերպ հնարավորություն է եղել դուրս հանել, այնուհետև ծխի և մրի պայմաններում այլևս միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել, ահազանգվել է պատկան մարմիններին:

 

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։