Խոշոր վթար` Սյունիքում. կողաշրջվել է ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան, որում զինծառայողներ են եղել
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Նորավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին ու կողաշրջվել։
Auroranews.am-ը կապ հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ: Խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ հաստատեց տեղեկությունը` հայտնելով, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Հարցին` ինչ վիճակում են տուժածները` նշեց, որ զինծառայողների ստացած վնասվածքները թեթև են։
Հավելենք, որ ըստ տարածվող տեղեկության` վթարի հետևանքով երկու անձ տեղափոխվել է Սիսիանի «Աղիտուի» զինվորական հոսպիտալ: Նշվում է նաև, որ վարորդն ու հիվանդանոց տեղափոխված վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։