Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 2 տարի 7 ամիս ազատազրկման

Այսօր Ստամբուլի դատարանը վճիռ է կայացրել թուրքական մեգապոլիսի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործով՝ ԿԸՀ ներկայացուցիչներին վիրավորելու համար նրան դատապարտելով երկու տարի յոթ ամիս ազատազրկման։ Այս մասին դատարանի դահլիճից հայտնում է Habertürk հեռուստաալիքը։

 

Ինքը՝ քաղաքական գործիչը, չորեքշաբթի ավելի վաղ Ստամբուլի բնակիչներին հորդորել էր ժամը 16:00-ին, երբ դատարանը պետք է կայացներ վճիռը, գալ Սարաչխանե թաղամաս, որտեղ գտնվում է քաղաքապետարանը։ 

 

«Ինչպիսին էլ լինի դատարանի որոշումը, 16 միլիոնանոց Ստամբուլի բոլոր բնակիչներին ես սպասում եմ Սարաչխանեում»,- գրել էր նա Twitter-ում։

 

Թուրքական հեռուստաալիքների փոխանցմամբ՝ հազարավոր ստամբուլցիներ հավաքվել են քաղաքապետարանի մոտ։ Նշվում է, որ Թուրքիայի տարբեր քաղաքներից Ստամբուլ են մեկնում ընդդիմության ներկայացուցիչներ։ Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ընդհատել է իր այցը Գերմանիա և շտապ վերադառնում է Ստամբուլ, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։

 

Եթե ​​դատավճիռը հաստատվի բարձրագույն մարմնի կողմից, Իմամօղլուն կարող է զրկվել պաշտոնից՝ քաղաքական գործունեության հինգ տարվա արգելքի պատճառով։ Ստամբուլի քաղաքապետը համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանական մրցակիցներից մեկը 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։

 

Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է 2019 թվականի քաղաքային ընտրություններից հետո։ Նա հաղթել է և՛ առաջին ընտրություններում, որոնք տեղի են ունեցել մարտի 31-ին, սակայն ԿԸՀ-ն չեղարկել է, և՛ երկրորդում՝ հունիսի 23-ին։ Ընդ որում, երկրորդը՝ զգալի առավելությամբ։ Ընտրություններում հաղթելուց հետո Իմամօղլուն մարտի 31-ի ընտրությունները չեղարկողներին «հիմար» է անվանել։

 

Ավելի վաղ մեղադրող կողմը պահանջել էր Իմամօղլուին դատապարտել չորս տարի մեկ ամիս ազատազրկման։ Դատավճիռը բազմիցս հետաձգվել է։