Կոսովոյի ոստիկանները նահանջել են սերբերի հետ բախումից հետո. Սերբիայի նախագահ

Չճանաչված Կոսովոյի ոստիկանության հատուկ նշանակության ուժերը նահանջել են երկրի հյուսիսային սերբաբնակ հատվածից՝ երեքշաբթի սերբ բնակչության հետ բախումներից հետո: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ Տիրանայում ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում, գրում է ТАСС-ը։

 

«Հարձակումները տեղի են ունեցել Զուբին Պոտոկում և Կոսովսկա Միտրովիցայում: Ես տեղեկություն ունեմ` հիմա այնտեղ խաղաղ է, սպասում եմ Կոսովսկա Միտրովիցայի կլինիկական կենտրոնից հաղորդագրությանը։ Բրյուսելյան պայմանավորվածությունների համաձայն՝ Կոսովոյի ոստիկանները կարող են շրջանի հյուսիս մտնել միայն չորս քաղաքապետերի համաձայնությամբ, սակայն չորս քաղաքապետերից ոչ մեկին չեն հարցրել: Փորձեցին ներխուժել մունիցիպալ ընտրական հանձնաժողովներ, գրավել շենքերը, ժողովուրդը վրդովված էր, բանը հասավ փոքր, ինչպես հասկացա, բախումների, հետո Կոսովոյի ոստիկանական ուժերը նահանջեցին։ Մինչ ասուլիսը տեղեկություն ստացա, որ այնտեղ խաղաղ է, հուսով եմ՝ այդպես էլ կմնա»,- ասել է Վուչիչը։

 

Հիշեցնենք, որ պայթյուններ են լսվել չճանաչված Կոսովոյի հյուսիսում: Ինչպես գրում է Anna News թելեգրամյան ալիքը` Կոսովսկա Միտրովիցա քաղաքում օդային տագնապ է հնչում:

 

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ` Կոսովոյի հատուկ նշանակության ուժերը ներխուժել են տարածք, որն օգտագործվել է Ընտրական հանձնաժողովի կողմից նախորդ ընտրությունների ժամանակ։
 

Մինչ այդ ոստիկանները մտել են Կոսովոյի հյուսիսում գտնվող Զուբին Պոտոկի քաղաքապետարանի շենք։
 

Ընդ որում, ըստ պայմանավորվածությունների, Կոսովոյի հատուկ նշանակության ուժերը ընդհանրապես չեն կարող տեղակայվել չճանաչված պետության հյուսիսում առանց միջազգային KFOR-ի ուժերի հրամանատարի սանկցիայի։

Քաղաքականություն

Պատահարներ