«Մեր հարաբերությունները Չինաստանի հետ անխուսափելիորեն բարդ են». Բորել
Եվրոպական Միությունը պետք է շարունակի աջակցությունն Ուկրաինային, սակայն միևնույն ժամանակ պետք է զբաղվի այլ ռազմավարական հարցերով, այդ թվում՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որի կենտրոնում Չինաստանն է՝ իր աճող համառությամբ:
Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում անցկացվող Հնդկա-խաղաղօվկիանոսյան համաժողովին իր ելույթում:
«Այս օրերին մենք ականատես ենք լինում այն բանին, թե ինչ բարձր գին է վճարում Չինաստանն իր «զրոյական COVID» քաղաքականության համար, և տեսնում ենք Չինաստանի քաղաքացիների աճող դժգոհությունը լոքդաուններից : Բացի «զրոյական COVID»-ի քաղաքականությունից, ավելի ու ավելի ակնհայտ Է դառնում, որ Չինաստանը փոխվում Է, ուժեղանում Է իշխանության կենտրոնացումը և բարձրանում ազգայնականությունը», - ասել է Բորելը:
ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նշել Է, որ անցյալ ամիս ԵՄ-ի խորհուրդը՝ ԱԳ նախարարների մակարդակով, և Եվրոպական խորհուրդը քննարկել են, թե ինչ Է այդ ամենը նշանակում Եվրամիության համար:
«Մենք համաձայնել ենք այն բանին, որ պետք Է հանձնառու լինենք Չինաստանի նկատմամբ «եռակողմ մոտեցմանը»՝ որպես գործընկերոջ, տնտեսական մրցակցի և համակարգային հակառակորդի: Մենք չենք կարող Չինաստանին նայել միայն մեկ տեսանկյունից: Մեր հարաբերությունները Չինաստանի հետ անխուսափելիորեն բարդ են: «Եռակողմ մոտեցման» մրցակցային բաղադրիչն աճում Է և դառնում գերիշխող», - նշել Է Բորելը:
Դիվանագետն ընդգծել Է, որ, ունենալով նման գործընկեր, անհրաժեշտ Է բարձրացնել սեփական հաստատունությունը և խուսափել չափից դուրս
կախվածությունից: Նրա խոսքով՝ դա հարցերի մի ամբողջ օրակարգ Է, որը ներառում Է գնումները, սուբսիդիաները, կարևոր նշանակության հումքը և այլն:
«Վերջապես, մենք պետք Է ավելի շատ աշխատենք համախոհների հետ՝ ամրապնդելով մեր փոխգործակցությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հատկապես անվտանգության հարցերում», - ընդգծել Է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: