Շիրակի մարզպետը դիմել է ոստիկանապետին
ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը` Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանը, որը նոյեմբերի 24-ին բերման էր ենթարկվել ոստիկանության «Կումայրի» բաժին, ազատ է արձակվել, քանի որ նրա մոտ ապօրինի զենք–զինամթերք չի հայտնաբերվել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մարզպետը։
«Արման Բաղդասարյանի անձնական խուզարկության, մեքենայի զննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել, և նա ազատ է արձակվել»,–գրել է մարզպետը` հավելելով, որ ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածի հիմքը եղել է օպերլիազոր Ն.Սիմոնյանի զեկուցագիրը։
Նա ընդգծել է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողի նկատմամբ արարք է իրականցվել, վերջում արձանագրվել, որ կասկածները չեն հաստատվել։
«Չմիջամտելով իրավապահ համակարգի գործունեությանը`այնուամենայնիվ որպես Շիրակի մարզպետ` Շիրակի ոստիկանապետից ակնկալում եմ դեպքի հանգամանքների մանրամասն ուսումնասիրություն, ընդհուպ ծառայողական քննության անցկացում։ Հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե օպերլիազոր Ն. Սիմոնյանի զեկուցագրի հիմքում ինչ փաստեր ու շարժառիթներ են եղել, նաև այն, թե որքան վտանգավոր է հասարակության համար Ա.Բաղդասարյանը»,– գրել է Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Արման Բաղդասարյանը կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ։ Կազմվել էին համապատասխան փաստաթղթեր, որից հետո մարզպետի եղբայրն ազատ էր արձակվել։