Ռուսաստանը հրթիռակոծում է Ուկրաինան. մի շարք քաղաքներ առանց էլեկտրականության են մնացել

Ռուսաստանը մոտ հարյուր հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ՝ այդպիսով գերազանցելով հոկտեմբերի 10-ի զանգվածային հրթիռային հարվածի ուժգնությունը: Այդ ժամանակ արձակվել էր 84 հրթիռ: Զանգվածային հրթիռային հարձակման պատճառով NPC Ukrenergo-ի հրամանով էլեկտրաէներգետիկներն սկսել են արտակարգ անջատումներ ամբողջ Ուկրաինայում, նաև՝ Կիևում: 

 

«Սա անհրաժեշտ քայլ է էներգետիկ համակարգը հավասարակշռելու և սարքավորումների խափանումներից խուսափելու համար: Կայունացման անջատման ժամանակացույցը դեռևս չի գործում: Մայրաքաղաքի բաժանորդների առնվազն կեսը հոսանքազրկված է»,- ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: 

 

Հրթիռակոծվել են Խարկովը, Լվովը, Ռովնոն և այլ քաղաքներ: Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ ենթակառուցվածքային օբյեկտների հրթիռակոծումից հետո քաղաքը մասամբ հոսանքազրկվել է։ Լվովում մի քանի ուժեղ պայթյուններից հետո առանց էլեկտրականության է մնացել շրջկենտրոնի մի մասը։ Ռովնո քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Տրետյակը հայտնել է, որ ռուսները հրթիռային հարձակում են գործել կարևոր ենթակառուցվածքի օբյեկտի վրա։ Արդյունքում քաղաքի որոշ հատվածներ մնացել են առանց էլեկտրականության։ 

 

Էլեկտրաէներգիայի վերականգնման ժամկետները դեռ հայտնի չեն: