Պեմզաշենի դաժան սպանության գործով ձերբակալվածն իրեն առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի․ պաշտպան

Պեմզաշենում կնոջ և երկու անչափահաս երեխաների սպանության դեպքով ձերբակալված Արկադի Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Մինասյանը համոզված է, որ իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի։ Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։ 


Նշենք, որ այս պահին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է կասկածյալ Արկադի Բարսեղյանի կալանքի վերաբերյալ միջնորդությունը։ 


«Առկա է հիմնավոր կասկածի բացակայությունը։ Նախաքննական մարմինը կարող էր ստուգել Արկադիի տված ցուցմունքի ալիբիները և համոզվել, որ նա իրեն առաջադրված մեղադրանքի հետ որևէ կապ չունի»,- հայտարարել է Մինասյանը։ 


Փաստաբանը հրաժարվել է պատասխանել մյուս հարցերին` հայտարարելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են։ 


Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։ 


Ոստիկանությունը ձերբակալել էր 32 ու 36 տարեկան 2 կասկածյալի։ Նրանցից մեկը` 32-ամյա Վրույր Բ.–ն, այսօր կալանավորվեց։

 

Քաղաքականություն