Պեսկովը Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունի միջադեպից մանրամասներ է ներկայացրել

Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության համար պայթուցիկը կարող էին ծովով հասցնել Օդեսայի շրջանից: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Ըստ էության` տեղեկություններ կան, որ պայթուցիկը կարող էր Օդեսայից ծովով բերվել, բայց մնացած բոլոր մանրամասները, բնականաբար, մեր հատուկ ծառայությունները հիմա պարզում են, ուստի առայժմ անհնար է որևէ լրացուցիչ հայտարարություն անել»,-ասել է նա ՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք նոր պայմաններ հայտնվել հացահատիկային գործարքը երկարացնելու համար, քանի որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության համար պայթուցիկը կարող էր բերվել հացահատիկի հետ:

 

Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։

 

Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։

 

Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։

 

Սեպտեմբերի 27-ին` ժամը 14:53-ին, այդ ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդը եղել է Հայաստանի ու Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ