Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հասցեական արձագանքը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից:

 

Նա ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-ամերիկյան փոխգործակցության կարևորությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացման գործում:

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և կարևորել Միացյալ Նահանգների ու ընդհանրապես միջազգային հանրության համարժեք ու հասցեական արձագանքը: Միաժամանակ, վարչապետը շեշտել է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների անվտանգության ու իրավունքների ապահովման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել նաև ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումն ու նշել ադրբեջանական ստորաբաժանումների՝ անհապաղ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:

 

Դեյվիդ Փրայսը դատապարտել է հայ զինվորների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից անմարդկային վերաբերմունքն ու գործողությունները: Միաժամանակ, նա կարևորել է մինչ օրս Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի ապահովումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

 

Քաղաքականություն

Պատահարներ