Պարզվել է 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից կռված 300 վարձկանի ինքնությունը

Քննչական կոմիտեում քննվող պատերազմական հանցագործություններին վերաբերող քրեական գործերով բացահայտվել ու անհատականացվել են 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցած շուրջ 300 վարձկանների ինքնությունը։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը` Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առիթով իր ելույթում։ 

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալները ներկայացվել են միջազգային ահաբեկչության կանխարգելման հարցերով զբաղվող տարբեր կառույցների»,–հայտնել է Քյարամյանը։ 

Քրեական գործերի շրջանակներում ուսումնասիրվել են նաև 2020 թվականի հուլիսի 12-17-ը Տավուշի մարզի, 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված ագրեսիաների, 2021 թվականի նոյեմբերի 14-16-ը Սյունիքի մարզի Իշխանասարի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ագրեսիայի ակտ իրականացնելու,ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը Ջերմուկ, Սոթք, Վարդենիս, Գորիս, Կապան, Արտանիշ, Իշխանասար և այլ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու դեպքերը։ 
ՔԿ նախագահը հայտնեց, որ նշված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել են շուրջ 150 քրեական վարույթներ, որոնք հիմնականում միավորվել են հինգ առանձին վարույթներում։ 

Իրականացվել են 500-ից ավելի դեպքի վայրերի զննություններ, մանրամասն քննության առարկա են դարձվել ագրեսիայի ակտերի հետևանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու, գերեվարվելու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ 
Ստացված փաստական տվյալներն օպերատիվ կարգով պարբերաբար ներկայացվել են ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին և այլ շահագրգիռ կառույցների։ 

Քննչական կոմիտեում շարունակվում են նաև 2020թ–ի պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված դեպքերով շուրջ 12600 անձանց վերաբերյալ հարուցված 1600 քրեական վարույթների նախաքննությունները։ Դրանց շրջանակում 833 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում՝ 78 սպա (17-ը՝ բարձրաստիճան), 150 պայմանագրային զինծառայող, 491 պահեստազորային, 36 պարտադիր ժամկետային զինծառայող և 128 քաղաքացիական անձ: 
Հարցաքննվել են 17 000-ից ավելի անձինք։ 

Հիշյալ քրեական վարույթներից 152-ով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: 
Ներկայում կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում պատերազմական գործողություններին առնչվող գործերը միավորվել են և քննվում են 130 առանձին վարույթներում: 




 

Քաղաքականություն