Ադրբեջանը նոր հարձակում է ծրագրում Նախիջևանի ուղղությամբ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Ադրբեջանը ծրագրում է հարձակում իրականացնել Նախիջևանի ուղղությամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
 

«Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարահագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի կյանքի կոչի Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու անօրինական իր նկրտումները»,-ասել է նա։
 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու մասին սեպտեմբերի 13-ին հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահականից հայտնել էին, որ Ֆրանսիան կբարձրացնի հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում։

 

Ստորև հակիրճ ներկայացնում ենք Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առնչությամբ Հայաստանի դիմումի հիման վրա հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հնչած հայտարարություններից հատվածներ:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի գծով օգնական Միրոսլավ Յենչա

«Միավորված ազգերի կազմակերպությունը ողջունում է սեպտեմբերի 14-ին՝ տեղական ժամանակով 20:00-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադար հաստատելու մասին համաձայնությունը և հույս ունի, որ զինադադարը կպահպանվի»:

 

ՄԱԿ-ում ՌԴ-ի ներկայացուցիչ

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքը եռակողմ համաձայնագրերն են, որոնք պետք է իրականացվեն։ Աշխարհաքաղաքական մրցակցությունը կարող է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում միայն խանգարել, կարևորն այժմ կրակի դադարեցումն է»: 

 

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ

 

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում չկա ռազմական լուծում։ Կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում խթանել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԵԱՀԿ-ի և գործընկերների համակարգման միջոցով»:
 

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ
 

 «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրք, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ Ֆրանսիան կշարունակի աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու գործընթացին»:


ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ

 

«Ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բախումները եւ զսպվածություն ցուցաբերել։ Այս գործողությունները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար։ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարող լռել եւ թույլ տալ իրավիճակի վատթարացում»:

 

ՄԱԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչ

 

«Ռազմական ուժի կիրառումը հակասությունների լուծման համար անընդունելի է: Ողջունում ենք ԱՄՆ-ի և ԵՄ-ի ջանքերը՝ բանակցությունների առաջխաղացմանն աջակցելու ուղղությամբ»:

Քաղաքականություն