
Ֆիդանյանը` բողոքի ակցիա անող ՌԴ քաղաքացիներին բերման ենթարկելու մասին

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կառավարության նիտից հետո ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչ հիմքով են օրեր առաջ բերման ենթարկել Ազատության հրապարակում հակապատերազմական խաղաղ բողոքի ակցիա անող ՌԴ քաղաքացիներին:
Վերջինիս խոսքով` զուտ ծանուցումը չի նշանակում, որ որոշակի հավաքների անցկացումը թույլատրելի է կամ հնարավոր է իրականացնել:
«Նույնիսկ հավաքների ազատության մասին օրենքը հստակ սահմանում է հավաքների ազատության սահմանափակումը: Այնտեղ նշված է, որ եթե առկա են տեղեկություններ կամ հնարավոր է հասարակական կարգի դեմ ուղղված որոշակի գործողություններ: Ոստիկանությունում առկա էին հստակ տեղեկություններ, եւ արդեն իսկ նշմարվում էր, որ տվյալ տարածքում առկա են նաեւ այլ տեսակետի տիրապետող անձինք, ինչը նշանակում է, որ այդտեղ չի բացառվում բախումներ լինեն:
Դրանով պայմանավորված որոշում էր կայացվել, որ տվյալ հավաքը հենց այդ պահին պետք է ընդհատվի»,- ընդգծեց փոխոստիկանապետը: