Բաքուն Երեւանից պահանջում է դադարեցնել «սադրանքները». Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն Երեւանից պահանջում է դադարեցնել «սադրանքները» տարածաշրջանում եւ կատարել պարտավորությունները, որոնք, ըստ ադրբեջանցի նախարարի, Հայաստանը ստանձնել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Տեղեկատվությունը հայտնում է «Ինտերֆաքսը»։
Բայրամովի խոսքով՝ իբր 2022 թվականի օգոստոսի 3-ին Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների տեղակայման գոտում, լարվածության սրման հիմնական պատճառը եղել է Հայաստանի կողմից պարտավորությունների չկատարումը։
Նա նշել է, թե պարտավորություններ ասելով՝ նկատի ունի, թե հայկական զինված ուժերը դեռ չեն լքել Ղարաբաղը։ Ըստ Բայրամովի՝ եռակողմ հայտարարությամբ Հայաստանը ստանձնել է նման պարտավորություն։
Բայրամովի մեկնաբանմամբ՝ հայկական զինված ուժերը պետք է հեռանային, երբ խաղաղապահ ուժերը մտել են տարածաշրջան։