Քաղաքականություն

Հաջորդ գլխավոր թիրախը դառնալու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը». Աբրահամյան

Unknown 204 դիտում
Հաջորդ գլխավոր թիրախը դառնալու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը». Աբրահամյան

Ադրբեջանի գլխավոր խնդիրներից մեկը Արցախի ապառազմականացումն է. դա վերաբերում է ոչ միայն Արցախից Հայաստանի գրանցում ունեցող զինծառայողների դուրսբերմանը, այլ առհասարակ  Արցախի ռազմականացված կառույցների զինաթափմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

 

«Երկրորդը, վերաբերում է Հայաստանն Արցախին կապող միջանցքին, որովհետեւ արդեն պարզ է դառնում, որ Ադրբեջանը ոչ միայն երթուղի է փոխում, այլ միջանցքը փաստացի վերածում է ճանապարհի, որի արդյունքում բավականին մեծ անվտանգային խոցելիություն է լինելու այդ ճանապարհով երթեւեկողների համար:

 

Մյուս խնդիրը վերաբերում է Բերձորի, Սուս եւ Աղավնո գյուղերի հանձնմանը: Դա Ադրբեջանի համար ունի մեծ նշանակություն եւ նրանք փորձում են այս փուլում ապահովել Ալիեւի ռազմաքաղաքական հաղթանակը: Եվ չորրորդը, հիմք է նախապատրաստվում մեծացնելու ճնշումը Հայաստանի տարածքով այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ապահովման ուղղությամբ, ինչը կրկին խոստանում է լարված իրադրություն ստեղծել»,-ասաց նա:

 

Ընդդիմադիր պատգամավորը ցավով արձանագրեց, որ Ադրբեջանը եւ 2018-ից հետո, եւ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո նաեւ Թուրքիայի ակտիվ սատարմամբ բավականին հաշվարկված գործում է եւ քայլ առ քայլ սահմանափակում Հայաստանի որեւէ ճկունություն դրսեւորելու հնարավորությունը:

 

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հենց այս պահին էլ Ադրբեջանը կարող է ՀՀ տարածքով գնալ դեպի Նախիջեւան՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Տիգրան Աբրահամյանն ասաց. 

 

«Ակնհայտ է, որ այս պահին ընթացող գործընթացների հաղթահարումից հետո հաջորդ գլխավոր թիրախը դառնալու է այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը»: Այս պարագայում Հայաստանի իշխանությունը փորձում է ներկայացնել իրավիճակ, որը բխում է տարածաշրջանային ապաշրջափակման տեսանկյունից, իսկ այն ենթադրում է բոլոր տիպի կոմունիկացիաների բացում: ՀՀ վարչապետի ակնարկները վերաբերում էր այդ ճանապարհի օգտագործման հնարավորություններին, այլ ոչ միջանցքի տրամադրմանը»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250