Օդեսայի նավահանգստից հացահատիկի առաջին նավն է դուրս եկել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անդրադարձել է
Երկուշաբթի առավոտյան ժամը 8.30-ին ցորենով բեռնված առաջին նավը դուրս է եկել ուկրաինական նավահանգստից, տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Առաջին նավը Օդեսայից կմեկնի ժամը 8.30-ին»,- նշվել է հայտարարությունում։
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ուկրաինայից ցորենի տեղափոխումը կարող է սկսվել օգոստոսի 1-ից։ Նրա տվյալներով՝ բեռնումն արդեն ավարտվել է։ Ստամբուլի համակարգող կենտրոնի ներկայացուցիչները կհետեւեն նավին արբանյակի օգնությամբ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Օդեսայի նավահանգստից հացահատիկով բեռնված առաջին առևտրային նավի դուրս գալը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով է, որ առաջին նավը կդառնա հացահատիկի բազմաթիվ փոխադրողներից մեկը՝ ստորագրված նախաձեռնությանը համապատասխան, որը, նրա կարծիքով, անհրաժեշտ կայունություն ու ամրապնդում կբերի պարենային անվտանգությանը:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան: