Սոչիում ձերբակալվել է Անդրանիկ Յալանուզյանը. նրան կասկածում են սպանություն պատվիրելու մեջ
Սոչիում ձերբակալվել է հեղինակություն ունեցող գործարար, 76-ամյա Անդրանիկ Յալանուզյանը։ Այս մասին հայտնում է ВЧК-ОГПУ՝ հղում կատարելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին։ Նա մեղադրվում է 2002 թվականին մեկ այլ հեղինակավոր գործարար ՝Իշխան Կապեկյանի սպանությունը կազմակերպելու մեջ, այս մասին փոխանցում է Փաստինֆո-ն։
Նախաքննության վարկածով՝ Յալանուզյանի նկատմամբ սպանության անհաջող փորձ է կատարվել եւ վերջինս իր անձնական հետաքննությունն է իրականացրել ու պարզել, որ կազմակերպիչը հանդիսանում է Կապեկյանը։ Դրանից հետո Յալանուզյանը նրան վերացնելու հրահանգ է տվել։ Ձերբակալվել են նաեւ սպանության ենթադրյալ երկու կատարողները։ Բոլորն էլ տեղափոխվել են՝ Կրասնոդար, որտեղ իրականացվում է նախաքննությունը։
Յալանուզյանի շրջապատը տեղի ունեցած կապում է Սոչիում Յալանուզյանի կառույցներին պատկանող խոշոր հողատարածքների վերաբաշխման փորձի հետ։ Հենց դրա համար էլ հիշել են 21 տարի վաղեմության մշուշոտ իրադարձությունները։ Պորտալի մեկ ուրիշ զրուցակից նշել է Յալանուզյանի մտերիմ կապը՝ Սոչիում չափազանց ազդեցիկ գործարար Ռոբերտ Թաթուլյանի (Ռոբսոն, նախկինում թիվ 1 օրենքով գող Դեդ Հասանի գործակից) հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջինս որոշ ժամանակով լքել է տվյալ տարածաշրջանը։ |