«Այսօր մենք ձեզ կպայթեցնենք, կսկսենք հարձակումներ»․ իսլամական ներկայացածների նամակը՝ ԱԻՆ-ին

Ստացել ենք նման բովանդակության նամակ, ԱԻՆ մարզային կենտրոններին փոխանցել ենք, որ այսպիսի բովանդակությամբ ահազանգ ունենք, որպեսզի իրենց աշխատանքներն իրականացնելիս ավելի զգոն լինեն։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում նշեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով, որ մարզպետարաններին, մարզպետներին որևէ գրություն չեն ուղարկել։  

 

Կոստանյանը հայտնեց, որ այս տարվա դրությամբ ԱԻՆ-ը ստացել է ռումբի տեղադրման մասին 26 կեղծ ահազանգ։ 

 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր․ «Արտակարգ իրավիճակների նախարարությունը, մեր տեղեկություններով, օրերս գրություն է ուղարկել բոլոր մարզպետարաններին եւ իր ենթակա կառույցներին՝ հորդորելով անվտանգության խիստ միջոցառումներ ձեռնարկել, քանի որ Հայաստանի պաշտոնական որոշ շրջանակներ Թուրքիայից սպառնալից գրություն են ստացել, որ մեծ քանակի ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր են բերել Հայաստան եւ սկսելու են տեռորիստական ակտեր իրականացնել ադմինիստրատիվ շենքերում, մետրոպոլիտենում եւ այլն։ «Այս օրը կհիշեն բոլորը։ Իմ ատելությունն առ գյավուրները ի հայտ է եկել դեռ ծննդյանս օրվանից, դուք՝ բոլորդ, ոչնչացվելու եք։ Ողջույն, վիժվածքներ։ Մենք «Իսլամական պետություն» կազմակերպությունն ենք։ Այսօր մենք ձեզ կպայթեցնենք, մոտ հարյուր ինքնաշեն պայթուցիկ սարքեր են դրված։ Մենք կարողացել ենք բերել ռումբեր։ Նաեւ կսկսենք հարձակումներ քաղաքների վարչական շենքերի վրա, ականապատված են Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները։ Մենք բազմաթիվ կողմնակիցներ ունենք, ովքեր զինված են մինչեւ ատամները։ Մենք ունենք շատ զենք եւ զինամթերք, ԱԿ-47, նռնակներ, ՌՊԳ եւ փամփուշտներ։ Մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի ողջ կառավարությունը, Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի նախագահը հրաժարական տան, ինչպես նաեւ մեզ փոխանցվի հինգ բիթքոյն ինձ եւ իմ ամենամոտ օգնականին՝ իմ կրիպտոդրամապանակի մեջ ․․․․ Սատկեք, քրիստոնյա տականքներ։ Չկա այլ Աստված, բացի Ալլահից, Ալլահու Աքբար։ Հայաստանը կլինի իսլամական վիլայեթ»։

 

Մեզ ասացին, որ հուլիսի 20-ին Երեւանի մետրոպոլիտենում ռումբի ահազանգի պատմությունն էլ այս գրության շարունակություն են դիտել, եւ մետրոյի՝ մի քանի ժամ փակ լինելը նաեւ սրա հետ էր կապված։ Ընդհանրապես, վերջին շրջանում բավականին հաճախակիացել են ռումբի տեղադրման կեղծ ահազանգերը։ Մի քանի օր առաջ ահազանգ եղավ ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի տան հետ կապված, որտեղ իբր ռումբ է տեղադրված։ Բոլոր ահազանգերը, բարեբախտաբար, կեղծ են եղել, բայց ռումբի տեղադրման մասին ահազանգերի հաճախակիացումն ինքնին մտահոգիչ է եւ կարող է քայքայիչ դեր ունենալ ու հասարակության շրջանում խուճապ առաջացնել։


Տպավորություն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն Արցախից հետո պատերազմը տեղափոխել է Հայաստանի տարածք, պարզապես մի տարբերությամբ, որ սրանք ոչ թե սովորական ռազմական գործողություններ են, այլ նյարդերի, հիբրիդային պատերազմ, եւ այս ճանապարհով փորձում են Հայաստանում կյանքը  կաթվածահար անել, խուճապ ու անհանգստություն տարածել, որ իրենց բոլոր պահանջները կատարենք։ 

 

Եթե սրան էլ գումարենք մի քանի օր առաջ Ծիծեռնակաբերդում թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման ներկայացուցչի հայտնվելը եւ հայերին ուղղված սպառնալից հայտարարությունները, ապա հասկանալի կլինի, թե ինչ վիճակում է հայտնվել Հայաստան պետությունը, որը, կարելի է ասել, ո՛չ նորմալ բանակ ունի, ո՛չ ազգային անվտանգություն ապահովող ԱԱԾ, ո՛չ գրագետ ու պատրաստված ոստիկանություն»։ 

 

 

Քաղաքականություն