Եվրոպայում ծայրահեղ շոգեր և անտառային ուժեղ հրդեհներ են. կան հարյուրավոր զոհեր
Հուլիսին եվրոպական երկրներում անոմալ շոգ է սկսվել: Օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում բարձրացել է 40 աստիճանից: Այս մասին գրում է Meduza-ն:
Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում անտառային հրդեհներ են բռնկվել, իշխանությունները հազարավոր բնակիչների տարհանում են հրդեհավտանգ տարածքներից: Շոգի պատճառով հարյուրավոր մարդիկ են մահացել, ԵՄ շատ երկրներ սահմանել են արտակարգ դրություն։ Փորձագետները կատարվածը կապում են կլիմայի փոփոխության հետ։
Իսպանիայի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի։ Կառլոս III-ի առողջապահության ինստիտուտի տվյալներով՝ հուլիսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում շոգի պատճառով մահացել է մոտ 360 մարդ: Հուլիսի 17-ին Իսպանիայում 36 հրդեհ է գրանցվել, որոնցից 24-ը ակտիվորեն տարածվել են, գրում է El Pais թերթը։
Ընդհանուր առմամբ ոչնչացվել է ավելի քան 20 հազար հեկտար անտառ, ավելի քան երկու հազար մարդ տարհանվել է հրդեհավտանգ տարածքներից։ Սա Իսպանիայում ծայրահեղ շոգի երկրորդ ալիքն է՝ նախորդը հունիսի կեսերին էր։ Ջերմաստիճանն այդ ժամանակ բարձրացել է 40 աստիճանից, մահացել է ավելի քան 800 մարդ։
Պորտուգալիայում օդի ջերմաստիճանը հասել է 47 աստիճանի։ Հուլիսի 16-ին Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նախորդ 7 օրվա ընթացքում շոգի պատճառով մահացել է 659 մարդ։ Երկրի հյուսիսային և կենտրոնական հատվածներում սաստիկ հրդեհները շարունակվում են։
Հուլիսի 17-ին The Guardian-ը հայտնել էր, որ ակտիվ հրդեհների թիվը 20-ից նվազել է 11-ի։ Տարեսկզբից մինչև հունիսի կեսերը բնական հրդեհներից տուժել է մոտ 40 հազար հեկտար անտառ, ինչը երեք անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, նշում է Պորտուգալիայի բնության և անտառների պահպանության ինստիտուտը։
Հունիսի վերջին Օդերեւութաբանության ազգային ինստիտուտը հայտնել է, որ մայրցամաքային Պորտուգալիայի 96%-ը սաստիկ երաշտ է ապրում:
Ֆրանսիայում 51 դեպարտամենտներում (ընդհանուրը՝ 101, այդ թվում՝ արտերկրում) անոմալ շոգի պատճառով հայտարարվել է տագնապի «նարնջագույն» մակարդակ։ Եվս 15-ը վտանգի մակարդակն արդեն հասցրել են առավելագույնի՝ «կարմիրի», մասնավորապես, ջերմաստիճանի հնարավոր բարձրացման պատճառով՝ մինչեւ 42 աստիճան։
Ժիրոնդի դեպարտամենտում հրշեջները մի քանի օր շարունակ մարում են հրդեհը, որի տարածքը հուլիսի 18-ի դրությամբ կազմում էր 14000 հա, հայտնում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը։ Հրդեհի մարմանը մասնակցել է 1700 մարդ և ինը ինքնաթիռ։ Ավելի քան 16 հազար մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, տարհանվել է վտանգավոր տարածքներից։
Հուլիսի 15-ին Մեծ Բրիտանիայի իշխանությունները երկրում շոգերի պատճառով վտանգի ամենաբարձր մակարդակը սահմանեցին։ Օդերեւութաբանները զգուշացնում են, որ որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 41 աստիճանի, ինչը ամենաբարձրն է 2019 թվականից ի վեր, երբ Քեմբրիջը գրանցեց 38,7 աստիճան ջերմաստիճան։
Իշխանությունները տարածում են իրազեկում շոգ եղանակի անվտանգության կանոնների մասին, իսկ երկաթուղային ընկերությունները կոչ են անում մարդկանց այս օրերին չճանապարհորդել: Նրանք հայտնել են, որ որոշ գնացքներ կչեղարկվեն։
Մեծ Բրիտանիայի շատ դպրոցներ որոշել են փակվել շոգի պատճառով, իսկ որոշ հիվանդանոցներ չեղարկել են այս օրերին նախատեսված հանդիպումներն ու վիրահատությունները: Երկրում չեղարկվել են նաև մի շարք հանրային միջոցառումներ։
Ռեկորդային ջերմաստիճան և բազմաթիվ անտառային հրդեհներ են գրանցվել նաև եվրոպական այլ երկրներում։ Հուլիսի 17-ին Հունաստանի հրշեջ ծառայության մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում բռնկվել է 51 հրդեհ։ Խորվաթիայում հրդեհ է բռնկվել Շիբենիկ քաղաքի մոտ, ամենաբարդ իրավիճակը Զատոն գյուղի շրջանում է, որտեղ այրվել է 20 տուն, իսկ տեղի բնակիչները տարհանվել են։ Հրդեհներ են սկսվել նաեւ Իտալիայում, հայտնում է Sky News-ը։ Հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 աստիճանը։ Իտալիայի հյուսիսում ամենավատ երաշտն է վերջին 70 տարվա ընթացքում: