Ինքնագլորից տուժածների 95%-ը եղել են վարողները, 5 %-ը՝ հետիոտներ․ Արմեն Մուրադյան
«Հերացի» վերլուծականն ամփոփել է ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրներում ինքնագլոր վարելու հետևանքով գրանցված վնասվածքները։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ռեկտոր ԵՊԲՀ Արմեն Մուրադյանը։
«Ցանկացած հիմնախնդիր, հատկապես նոր առաջացող պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն, որոնց հիման վրա հնարավոր կլինի կայացնել փաստահեն որոշումներ միտված մարդկանց առողջության պահպանմանը և անվտանգության ապահովմանը:
Ինչպես արդեն անդրադարձել ենք, ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված ռազմավարական գործիքներից է, ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների մշտադիտրակման, այդ թվում՝ վնասվածքների ստացմանը կամ դրանց բացակայությանը նպաստող գործոնների բացահայտմանն ուղղված կանոնավոր գործող համակարգի (ռեգիստրի) առկայությունը:
«Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է ինքնագլոր և այլ նմանատիպ փոխադրամիջոցներ վարելու հետ փոխկապակցված պատահարների հետևանքով ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց վնասվածքով դիմած անձանց վիճակագրությունը, որը հնարավորություն է տալիս ընդհանուր պատկերացում ստանալ խնդրի արդիականության և որոշ առանձնահատկությունների մասին:
Այսպես, սույն թվականի մարտի 1-ից մինչև հուլիսը 1-ը ընկած ժամանակահատվածում, հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերել 38 մարդու՝ հավասարաչափ արական և իգական սեռի ներկայացուցիչների:
Ինչպես Եվրոպական տարածաշրջանի այլ պետություններում, մեզ մոտ ևս տուժածների մեծամասնությունը՝ 95%-ը եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ, որոնք տուժել են ինքնագլորի հետ բախվելու հետևանքով:
Հիվանդանոց դիմած բոլոր տուժածները, այդ թվում՝ փոխադրամիջոները վարող անձինք եղել են չափահաս, մեծամասնությունը՝ 68%-ը, 18-30, իսկ 32%-ը 30 և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ:
Կարևոր նշանակություն ունի վնասվածքների բնույթի նկարագիրը, համաձայն որի տուժածների 24%-ի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ, իսկ մնացած 76%-ի մոտ տարբեր աստիճանի վնասվածքներ, սակայն առանց կոտրվածքի:
Հոսպիտալացում պահանջվել է 2 դեպքում, մնացած բոլորը ստացել են ամբուլատոր բժշկական օգնություն և չեն հոսպիտալացվել:
Վերոնշյալ տվյալները, որոնք ներկայացնում են միայն մեկ հիվանդանոցային համալիրում գրանցված դեպքերը, ակնհայտորեն վկայում են ինքնագլորների վարելու հետևանքով առաջացող էական առողջապահական խնդիրների մասին, որոնք կարիք ունեն կարգավորման, ինչպես օրենսդրական, այնպես էլ ենթաօրենսդրական մակարդակներում»: