Օրվա լրահոս

Արեգա և Էդվարդ Շահգելդյանները մինչ արցախյան 44-օրյա պատերազմն ապրում էին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում։ Պատերազմի ժամանակ ամուսինները հրաժարվել են լքել իրենց տունը, քանի որ համոզված էին՝ ադրբեջանական ուժերը չեն կարող գյուղ հասնել։ Հոկտեմբերի 27-ին ադրբեջանցի զինծառայողները գերեվարել են ամուսիններին։ Այս մասին գրում է hetq.am-ը։ 

 

Էդվարդ Շահգելդյանը մահացել է գերության մեջ, Արեգան գերությունից վերադարձել է 2020 թվականի դեկտեմբերի 14-ին։

Նրանց դուստրը՝ Գոհարը, որն ապրում էր Շուշիում, ամեն օր զանգահարել ու խնդրել է ծնողներին դուրս գալ գյուղից, սակայն Էդվարդ Շահգելդյանը հրաժարվել է լքել գյուղը։ 

Գոհարի ամուսինը՝ Վլադիմիրը, մի քանի անգամ գնացել է նրանց հետեւից։ Արեգա Շահգելդյանը հիշում է՝ փեսայի վերջին այցի ժամանակ ուզում էր գնալ մեքենան նստել՝ մտածելով, որ ամուսինը կհետևի իրեն։ «Ինձ ասեց՝ Արեգա՞, էդ գնու՞մ ես, գնում ես ինձ անտեր թողնե՞ս, ու՞ր ես գնում»։ Արեգան իջել է մեքենայից ու մնացել գյուղում՝ ամուսնու հետ։

 

«1992-ին՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, բոլոր տեղերից գալիս էին Ավետարանոց, Արցախի բոլոր շրջանների բնակիչները՝ համոզված լինելով, որ մեր գյուղում անվտանգ է, հայրս էլ մինչև վերջ էդպես մտածեց»,-ասում է Գոհարը։

 

Գերությունից վերադարձած Արեգա Շահգելդյանը հիշում է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։

 

Հոկտեմբերի 27-ն էր, ադրբեջանցիներն արդեն հասել էին Ավետարանոց, բնակիչները լքել էին գյուղը։ Արեգան վառարանը փայտ էր գցում, երբ գլուխը բարձրացնելով, ադրբեջանցի երկու զինվորի է տեսնում։ Նրանք կնոջը հրահանգում են տեղից չշարժվել։ Արեգան սկսում է արտասվել, ադրբեջանցիներն ասում են, թե չեն սպանի իրենց։ Տունը տակնուվրա են անում, գտնում նրանց դրամական խնայողությունները, դատարկում սառնարանի պարունակությունը, ապա նրանց ուղեկցում գյուղի մեկ այլ տան հավաբուն, որտեղ ամուսինները գիշերում են։

Առավոտյան տանում են գյուղի վերջում գտնվող մեկ այլ տուն, որտեղ ադրբեջանցիները մի քանի գառ էին մորթել ու ճաշ էին պատրաստում։

«Մենք նստած էինք տան վերջում, բերեցին մեր առաջ ամանով խաշլամա դրեցին, չկերանք, իրենք կերան, խմեցին, ոնց որ քեֆ անեին, էդ գիշերը մի կերպ լուսացրինք, չգիտեինք՝ մեզ հետ ինչ էին անելու, իրենք զինված, մենք՝ առանց զենք, սկի նորմալ քայլել չէինք կարող, առավոտը տարան Բաքու»,-հիշում է Արեգա Շահգելդյանը։

 

Հոկտեմբերի 29-ին Շահգելդյաններին ու գյուղից գերեվարված ևս 2 տղամարդու տեղափոխում են Բաքու։

Արեգան ասում է, որ ամուսնուն ու համագյուղացիներին ծեծել են մեքենայում, ոտքերով ու զենքի կոթով հարվածել։ 

Գերության մեջ Արեգա Շահգելդյանը մնացել է 1 ամիս 15 օր։ Այդ ամբողջ ընթացքում ամուսինները մեկ անգամ են հանդիպել։

«Իրար տեսանք, Կարմիր խաչն էր եկել, միջնորդեցին՝ տեսանք, ինքն ինձ ասեց՝ պինդ կաց, ես՝ իրան ու էլ իրար չտեսանք, էդ ա եղել»,-հիշում է կինը։

Բաքվի բանտում նրանք տարբեր խցերում են եղել, չնայած նրան, որ Գոհարին՝ նրանց դստերը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները վստահեցրել էին, թե միասին են, ոչ մի վտանգ չի սպառնում նրանց կյանքին, չեն տանջում, չեն խոշտանգում, սնվում են ժամանակին ու ընդունում իրենց դեղերը։ Երկուսն էլ ճնշման կարգավորման դեղեր էին ընդունում։

Գոհարը նամակներ է գրել գերության մեջ գտնվող ծնողներին, փոխանցել Կարմիր խաչին, բայց Արեգա Շահգելդյանն ասում է, որ ոչ մի նամակ իրեն չի հասել։

«Ես որ Երևանում գնում էի Կարմիր Խաչ, ասում էի՝ ի՞նչ ա պետք ուղարկել, եթե դուք կարող եք, անգամ դեղերն էի առել իրանց, դե մեծ էին, ճնշման դեղեր էին խմում, ասում էին՝ ամեն ինչ կա»,-պատմում է Գոհարը։ 

Դեկտեմբերի 5-ին Էդվարդ Շահգելդյանը գերության մեջ մահանում է։

Արեգային հայտնում են այդ լուրը։ 

Դեկտեմբերի 14-ին Արեգա Շահգելդյանին գերիների խմբի հետ տեղափոխում են Հայաստան։ Ընտանիքին հայտնում են նաև, որ Հայաստանին են փոխանցում Էդվարդ Շահգելդյանի մարմինը, բայց նրա փոխարեն Հայաստան են ուղարկում մեկ այլ մարմին:

 

Երբ Էդվարդի փեսան՝ Վլադիմիրը գնացել է դիակի ճանաչման, աներոջ փոխարեն ուրիշ տղամարդու դի են ցույց տվել։

 

«Ինձ չթողեցին գնամ, բայց Վլադիկը գնաց դիակի ճանաչման, տեսավ դե որ պապաս չի, ասեցին՝ էս ա միակ դիակը, սա են ուղարկել, հետո իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի միջոցով մի կերպ գտանք հորս մարմինը»,-պատմում է Գոհարը։

 

Դեկտեմբերի  27-ին Գոհարին զանգահարել ու ասել են, որ հոր մարմինը Հայաստանին է փոխանցվել, ու հարազատները կարող են գնալ Հերացու համալսարանական հիվանդանոցի դիահերձարան՝ դիակի ճանաչման։

Գոհարի պատմելով՝ իրենց ասել են, թե Էդվարդ Շահգելդյանը մահացել է սրտի կանգից, բայց փեսան աներոջ դիակի վրա բռնության բազմաթիվ հետքեր է տեսել, Էդվարդի ամբողջ մարմինը պատված է եղել կապտուկներով։ Ըստ Վլադիմիրի՝ կոտրված է եղել նաև ծնոտը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Հետքին» հայտնել է, որ գերությունից վերադարձած Արեգա Շահգելդյանը Բաքվի բանտում ենթարկվել է հոգեբանական ու ֆիզիկական բռնության, իսկ մահացած Էդվարդ Շահգելդյանի մարմնի տարբեր մասերին բռնության հետքեր են եղել, եւ մահը վրա է հասել ոչ թե սրտի կանգի, այլ ֆիզիկական բռնության հետեւանքով։ 

 

Սիրանուշ Սահակյանը լրատվամիջոցին  տրամադրել է դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն դիակի վրա եղել են բռնության հետքեր։

Սիրանուշ Սահակյանը ադրբեջանցիների արարքները որակում է խաղաղ բնակչության իրավունքների խախտում, քանի որ քաղաքացիական բնակիչները, որոնք վտանգ չեն ներկայացնում, չէին կարող գերեվարվել։

«Էդվարդ Շահգելդյանի մահը փորձել են կապել առողջական վիճակի հետ, ինչն իրականությանը չի համապատասխանում, ամուսնուն  սպանել են, դա ծեծի և այլ բռնության հետևանք է եղել, նույն սենյակում պահվել են այլ տարեց քաղաքացիական գերիներ, ընդ որում՝ դին մի քանի օր մնացել է այդ սենյակում և այդպես հոգեբանական բռնություն են գործադրել մյուս գերիների նկատմամբ։Բոլոր գերիներին վիրավորել են, սննդից են զրկել, հրել են, խփել են, ստորացրել են տարբեր ձևերով, տղամարդու (Էդվարդի-հեղ.) դին ենթարկվել է փորձաքննության, ու կա նաև մահվան պատճառը, դա անկհայտորեն բռնության հետևանք է եղել»,-ասում է Սիրանուշ Սահակյանը։

 

Հ.Գ. Շահգելդյանների ընտանիքն այս պահին բնակվում է Ստեփանակերտում՝ ազգականի տանը, որը պետք է ազատեն հուլիսի 10-ին, քանի որ տունը վաճառվելու է։  

Վերջին նորություններ