Ադրբեջանական ավիաընկերությունների թռիչքները ՀՀ օդային տարածքով կտրուկ աճել են. FIP
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրել է 2020-2025 թվականներին ադրբեջանական ավիաընկերությունների կողմից ՀՀ օդային տարածքի օգտագործման և դրա դիմաց կատարված վճարումների վիճակագրությունը։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից FIP.am-ին տրամադրված տվյալների համաձայն ՝ 2025 թվականին ադրբեջանական ավիաընկերությունների իրականացրած թռիչքների քանակը գրանցել է կտրուկ աճ՝ հասնելով 8653-ի, ինչը վերջին վեց տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ Համեմատության համար նշվում է, որ 2020 թվականին իրականացվել է ընդամենը 33 թռիչք, ինչը նշանակում է, որ 2020-ից 2025 թվականներին Ադրբեջանը 260 անգամ ավելի հաճախ է կիրառել Հայաստանի օդային տարածքը։
Ադրբեջանական ավիաընկերությունների թռիչքների թիվը ՀՀ օդային տարածքով ամեն տարի կայուն աճ է արձանագրել, ընդ որում՝ վերջին երկու տարում տեմպերն արագացել են։ Ըստ վիճակագրության՝ 2021 թվականին գրանցվել է 584, 2022 թվականին՝ 2194, 2023 թվականին՝ 2504, իսկ 2024 թվականին՝ 4637 թռիչք։
«Թռիչքների քանակի ավելացմանը զուգահեռ աճել են նաև աերոնավիգացիոն սպասարկման համար հաշվառված վճարները։ Վերջին վեց տարվա ընթացքում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին ընդհանուր առմամբ վճարել են 927 762 եվրո կամ 409,4 մլն դրամ (ապրիլի 20-ի դրությամբ միջինացված փոխարժեքով)։ Փաստացիորեն, վեց տարվա կտրվածքով շեշտակի ավելացել են նաև Ադրբեջանի կողմից սպասարկման դիմաց վճարված գումարները»,- հայտնում է FIP-ը ։