Կրակոցներ՝ Երևանում. հայտնաբերվել է 9 կրակված պարկուճ
Այսօր՝ հունիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Բանավան թաղամասի 11 շենքի այգու մոտ կրակոցի ձայներ են լսվում և ըստ ահազանգողի, հնարավոր է՝ կրակոցներն արձակում են շների վրա։ Նշված վայր են ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը։ Պարզվել է, որ Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 43-ամյա Էդգար Մ-ն նույն օրը, ժամը 06։30-ի սահմաններում Բանավան 11 շենքի մոտ գտնվող այգում իր մոտ եղած հրացանով կրակոցներ է արձակել։ Ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են 9 հատ կրակված պարկուճ։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով հայտնաբերված Էդգար Մ-ն բերման է ենթարկվում ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Հրացանը հայտնաբերվել է։ |