Աննա Հակոբյանը մեկնում է Մոնակո․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, շաբաթվա վերջին պատրաստվում է մեկնել Մոնակոյի Թագավորություն, որտեղից՝ ետդարձի ճանապարհին, անցնելու է Նիցցայով, մասնակցելու է Պարսամյան վարժարանի հիմնադրման 35 ամյակին: Մեր տեղեկություններով, նրան ուղեկցելու է սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Թե ինչ նպատակով է տիկին Հակոբյանը մեկնում Մոնակո, որտեղ հայ համայնք չկա, հայտնի չէ:
Բայց մեր տեղեկությունները հաստատեցին սփյուռքի հանձնակատարի գրասենյակից: Զարեհ Սինանյանի խոսնակը՝ Ամալյա Կարապետյանը հայտնեց, որ, այո՝ շաբաթվա վերջին նախատեսված են վարչապետի կնոջ այցեր, հանդիպումներ, որոնց ընթացքում տիկնոջն ուղեկցելու է սփյուռքի գլխավոր հանձնակատարը:
«Քանի որ օրակարգն ամբողջությամբ վերաբերում է վարչապետի տիկնոջ այցին, ճիշտ կլինի, որ հենց վարչապետի տիկնոջն ուղղեք հարցերը: Պարոն Սինանյանն ուղեկցելու է: Առիթն այն է, որ առաջին տիկինը հրավեր է ստացել՝ մասնակցելու Պարսամյան դպրոցի հիմնադրման 35 ամյակի արարողությանը: Պարոն Սինանյանը եւս հրավեր է ստացել Նիցցայի համայնքից»,- ասաց նա:
Իսկ Մոնակոյում պարոն Սինանյանն ուղեկցելո՞ւ է Աննա Հակոբյանին: «Այցի ընթացքում ծրագրված հանդիպումներին պարոն Սինանյանը ներկա է գտնվելու»,- եղավ պատասխանը: Այցի կազմակերպիչների մասին ոչ մի տվյալ հանձնակատարի գրասենյակը չի հայտնում, քանի որ առաջնային հրավերն ուղղված է եղել Աննա Հակոբյանին: Փաստորեն, տիկին Հակոբյանին հրավիրել է Նիցցայի հայ համայնքը:
ՀԳ. Աննա Հակոբյանի գրասենյակի հետ կապվելու մեր բազմաթիվ փորձերը ձախողվեցին: Գրասենյակն ու աշխատակիցներն այլեւս անհասանելի են լրագրողների համար: Թերեւս՝ այցից հետո գոնե պաշտոնական հաղորդագրությամբ կամ Հ1-ի ռեպորտաժով ցույց կտան, որ տիկինը շատ կարեւոր գործերով այցելել է Նիցցայի հայկական համայնք եւ շատ կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերել»: